Արթուր Դանիելյանի խափանման միջոցը փոխվել է․ Նա ազատ է արձակվել (PAN.am)

«Ադեկվատ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանն ազատ է արձակվել կալանքից։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը, հայտնում է Factor

Հոկտեմբերի 7-ին Դանիելյանը երկու ամսով կալանավորվել էր։ Միաժամանակ սահմանափակվել էին նրա տեսակցությունները։

Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ հրավիրվել է Քննչական կոմիտե, որտեղ նրան հայտնել են իր նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու և առաջիկայում մեղադրանք առաջադրելու մասին։

Նա նաև պնդել էր, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը պայմանավորված է ադրբեջանական կողմից իր հասցեին հնչեցված քննադատություններով ու սպառնալիքներով։ Դանիելյանի խոսքով՝ նախորդ երեք օրերի ընթացքում ադրբեջանական կողմը հրապարակել է իր նախկին ելույթները, որոնց մեկնաբանություններում, ինչպես նաև անձնական հաղորդագրություններով իրեն սպառնալիքներ են ուղղվել։

«Սրանք էլ Բաքվից հանձնարարականը ստացել ու կատարում են»,- գրել է նա՝ իր նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթը պայմանավորելով այդ զարգացումներով։

Ավելի ուշ Արթուր Դանիելյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը տեղեկացրել էր, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարված խուլիգանության համար։ Փաստաբանի ներկայացմամբ՝ մեղադրանքի հիմքում Դանիելյանի հրապարակած գրառումն է եղել։

Հետագայում, ըստ Աթանեսյանի տրամադրած տեղեկությունների, Դանիելյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է նոր դրվագներով։ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքին ավելացվել են մի քանի այլ դրվագներ, որոնք ևս առնչվում են ֆեյսբուքյան գրառումներին։

Դանիելյանին լրացուցիչ մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Ֆեյսբուք»-ում հրապարակված գրառմամբ Ազգային անվտանգության ծառայությանն արատավորելու համար։

Leave a comment