«Բեռնափոխադրող ընկերությունները պարապուրդի մեջ են, ճգնաժամ չորակեմ, բայց բարդություններ կան»․ ինչո՞ւ են դանդաղում դեպի ԵՄ արտահանումները

Միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունները դեռ շարունակում են խնդիրների բախվել Ռուսաստանի սահմանած սահմանափակումների պատճառով։ 

Ավելի վաղ բեռնափոխադրողները բողոքի ցույցեր էին անցկացրել՝ պահանջելով, որ կառավարությունը լուծում տա իրենց խնդիրներին։

Կառավարության անդամները հայտարարում են, որ արտահանումների ոլորտը դիվերսիֆիկացրել են՝ եվրոպական շուկան արդեն հասանելի է հայ արտահանողներին։

ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից արտահանման ծավալները նվազել են 8,0 տոկոսով, իսկ ներմուծման ծավալներն աճել են 9,5 տոկոսով։ Դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալները նվազել են՝ 10,7 տոկոսով, այդ թվում՝ ՌԴ-ից ներմուծումը 11,3 տոկոսով։

ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծման ծավալը նույնպես նվազել է․ մասնավորապես, Ռուսաստանից ներմուծման ծավալներն այս տարվա ինն ամիսներին նվազել են 25,2 տոկոսով։

Նույն ժամանակահատվածում ԵՄ անդամ երկրներ արտահանումն աճել է 51.2 տոկոսով, իսկ ԵՄ-ից ներմուծման ծավալներն աճել են 48.4 տոկոսով։

«Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Ղարագյոզյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադարձավ հարցերին, թե ի՞նչ խնդիրների են բախվում միջազգային բեռնափոխադրողները։

«Եթե արտահանման պահանջարկ լինի, մեծ հաշվով մեր փոխադրողները, չասեմ բոլորը, բայց հիմնական կորիզը հնարավորություն կստեղծի, որ մեր տրանսպորտը նաև եվրոպական ուղղության վրա աշխատի։ Բայց այստեղ խնդիրն արտահանման ծավալներն են, ապրանքներն են, որոնք եվրոպական շուկայում զգալի ներկայացվածություն չունեն։ Սահմանափակվել է ԵԱՏՄ շուկան, իսկ եվրոպական ուղղությամբ էլ առանձնապես մեծ ծավալներ դեռ չենք տեսնում։ Այս պահին այնպես չէ, որ դեպի ԵՄ արտահանման մեծ ծավալներ կան, որ մենք ծառայություններ մատուցենք, և մեր տրանսպորտային ընկերությունները իրենց գործն ունենան։ Դեռ դժվարություններ ունենք, բայց դե դրանք մեկ կամ երկու օրվա լուծելիք հարցեր չեն, բոլորս էլ գիտենք։ Այսինքն՝ տրանսպորտային ընկերությունները պարապուրդի մեջ են։ Ճգնաժամ չորակեմ, բայց բարդություններ կան մեր ոլորտում»,- ասաց Ղարագյոզյանը։

Նա նշեց, որ բեռնափոխադրող ընկերությունները խոշոր հաշվով հնարավորություններ ունեն, կարող են ԵՄ փաստաթղթային պահանջները կատարել ու մեքենա ուղարկել Եվրամիություն։ Բայց խնդիրն այն է՝ պահանջարկ կա՞, թե՞ ոչ։

Իսկ ինչո՞ւ հայկական ընկերությունները մեծ ծավալի արտահանում չեն իրականացնում դեպի ԵՄ, այս հարցին ի պատասխան մեր զրուցակիցն ասաց․ «Շուկայի կտրուկ փոփոխություն է եղել, ես դեռ չեմ տեսնում, որ այսօր փակված շուկան շատ արագ մեկ այլ տեղ բացելու հնարավորություն կա։ Ռուսական շուկան Հայաստանի ապրանքների համար ձևավորվել է 30 տարվա ընթացքում։ Եվ առաջացած խնդիրները մեկ-երկու ամսում լուծել հնարավոր չէ»։

Կարեն Ղարագյոզյանը նաև նշեց, որ դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումները սահմանափակումներով, բայց շարունակվում են։ Չնայած փորձաքննությունների պահանջների խստացմանը՝ այդուհանդերձ Հայաստանից դեպի ՌԴ շարունակվում է արտահանվել հայկական կոնյակն ու գինին։

«Առավոտ»-ի հետ զրույցում բեռնափոխադրող ընկերության ղեկավար Եվգենիա Կազումյանը նույնպես ասաց, որ բեռնափոխադրողների խնդիրներին գլոբալ լուծում չի տրվել։ Առկա խնդիրներին հիմա գումարվել են այլ խնդիրներ։

«Վառելիքի գների հետ կապված փոխադրումների գների աճ է նկատվում դեպի Եվրոպա և հակառակ ուղղությամբ։ Բացի դա, եվրոպական երկրները վարորդների համար 90 օր են սահմանում իրենց տարածքում գտնվելու համար, դա էլ է խնդիրներ առաջացնում։ Շատ վարորդներ, հիմնականում Թուրքիայի ու Բուլղարիայի սահմանային անցակետերում բողոքի ակցիաներ են իրականացնում։ Սահմանային անցակետերը վատ են աշխատում, դա խոչընդոտ է հանդիսանում, որպեսզի մեր բեռնատարներն արագ հասնեն տեղ։ Այսինքն՝ եթե նախկինում 14-21 օր էինք տալիս հավաքական բեռների տեղափոխման համար, հիմա ամիսներ է տևում մինչև այդ մեքենաները գալիս հասնում են Երևան։ Դա դժվարություններ է ստեղծում մեր հաճախորդների համար»,- ասաց նա։

Կազումյանը նշեց, որ արտահանումների չնչին աճ է նկատել դեպի ԵՄ։ «Ամսվա մեջ մաքսիմում մեկ-երկու մեքենա ենք ուղարկում Եվրոպա։ Ես ինքս մեծ աճ չեմ նկատել։ Եվրոպայից ավելի շատ ներմուծում ենք, քան արտահանում։ Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից ակտիվ ներմուծումներ ենք անում»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment