Audi-ն 2026 թվականին կարող է շուրջ 500 մլն եվրոյի (550 մլն դոլարի) վնաս կրել՝ Չինաստանում իր գործարաններից մեկի գործունեության պատճառով։
Ինչպես գրում է Reuters-ը, Audi-ն Չանչուն քաղաքում գործող գործարանը կառավարում է չինական պետական FAW Group ավտոարտադրողի հետ համատեղ։ Սակայն Չինաստանում թանկարժեք էլեկտրամոբիլների նկատմամբ պահանջարկի նվազման ֆոնին գործարանի արտադրական հզորությունների օգտագործման մակարդակը նվազել է 10%-ից ցածր։ Մասնավորապես, ցածր պահանջարկ ունեն Q6 e-tron և A6 e-tron մոդելները, որոնք արտադրվում են այդ ձեռնարկությունում։
«Շուկայի այս հատվածը զարգանում է ավելի դանդաղ, քան մենք ակնկալում էինք մի քանի տարի առաջ։ Դա անդրադարձել է նաև Չանչունի գործարանում արտադրվող մեր պրեմիում դասի էլեկտրամոբիլների արտադրության ծավալների վրա։ Այդ պատճառով վերջերս վերանայել ենք ձեռնարկության արտադրական ծավալները»,- Reuters-ին հայտնել են Audi-ից։
Միևնույն ժամանակ, ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել գերմանական Handelsblatt թերթում հրապարակված՝ հնարավոր վնասների վերաբերյալ տեղեկությունը։
Գործարանի խնդիրներն արտացոլում են Չինաստանի շուկայում Audi-ի առջև ծառացած բարդ իրավիճակը։ Տեղացի գնորդներն ավելի ու ավելի հաճախ են նախապատվությունը տալիս հայրենական ավտոապրանքանիշերին, իսկ մրցակցությունն ու գնային ճնշումն ուժեղանում են։ Այս ֆոնին անցյալ ամիս Audi-ն ներկայացրել է կանխատեսում, ըստ որի՝ ընկերության հասույթն ու շահույթը կարող են նվազել։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։