Ընդդեմ Փաշինյանի սողացող դիկտատուրայի․ Տեր-Պետրոսյանը՝ դատավորների հայտարարության մասին

Բաժանորդագրվել

ՀՀ առաջին նախագահը վստահ է, որ Դատավորների միության հայտարարությաննն անպայմանորեն կարձագանքեն միջազգային կառույցները։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի դատավորների միության տարածած հայտարարությունը թերևս ամենալուրջ փաստաթուղթն է, ուղղված Նիկոլ Փաշինյանի սողացող դիկտատուրայի դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Երեկ Դատավորների միությունը հայտարարություն էր տարածել՝ անդրադառնալով նոր Սահմանադրության նախագծի 85-րդ հոդվածին, մատնանշելով հոդվածում առկա վտանգները դատական իշխանության անկախության համար և կոչ անելով ԲԴԽ-ին քայլեր ձեռնարկել՝ հոդվածն ու նմանօրինակ քննարկումները չեղարկելու համար։

«Փաստաթուղթ, որը ոչ միայն կարող է իրադրություն փոխել, այլև, վերջապես, նպաստել նրա հաստատած դաժան լծից ազատվելու հրամայականին։ Մի բան, որ տարիներ ի վեր չի հաջողվել ընդդիմությանը։ Չեմ կասկածում, որ միջազգային պատկան մարմինները ամենայն լրջությամբ կարձագանքեն Հայաստանի դատավորների միության սպառիչ հայտարարությանը։ Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ»,- գրել է ՀՀ առաջին նախագահը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի ժուռնալիստների և դատավորների միությունների հայտարարությունները շրջադարձային երևույթներ են, որոնց ազդեցությունը շուտով կզգացվի։ Նախագահը վստահ է, որ դրանց տակից Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ։
«Օղակը սեղմվում է։ Ուրախալի է նշել, որ այս երկու հայտարարությունները մեր հասարակության հասունության ցուցանիշն են»,- ընդգծել է Լևոն Տեր-Պետրոսյանը։

Leave a comment