Սա էլ կանցնի, չարը կպատժվի. Արա Աբրահամյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանի 70-ամյակը

Ռուսաստանում Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը շնորհավորել է ՔԿՀ-ում գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանի 70-ամյակը։

Հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։

Ծառուկյանը հենց նույն օրը ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց։

Արա Աբրահամյանը Ծառուկյանին համարել է Հայաստանի Հանրապետության ամենաարժանի քաղաքացիներից մեկը և նշել, որ ամեն հայ մարդ կերազեր անել նրաարածի գոնե մի մասը։

Նա ընդգծել է նաև Ծառուկյանի ներդրումը երկրի տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման և հայրենիքում իրականացված ծրագրերի գործում։

Խոսելով Ծառուկյանի ներկայիս վիճակի մասին՝ Աբրահամյանը հորդորել է նրան չկորցնել հույսը, համբերատար լինել և վստահություն հայտնել, որ ստեղծված դժվարությունները հաղթահարելի են

«Այսօր, այո՛, դժվարության մեջ եք, կալանավայրում, բայց մի բան եմ ուզում՝ դուք ձեր հույսը չկորցնեք, ամեն ինչ լավ է լինելու, սա էլ է անցնելու: Չարը պատժվելու է, անպայման»,– նշել է նա։

Ուղերձում ՌԴ-ում հայերի միության նախագահն առանձնահատուկ անդրադարձել է նաև Ծառուկյանի՝ Հայաստանում մնալու և հայրենիքի զարգացմանը նպաստելու որոշմանը։ Շեշտել է՝ գործարարն արտերկրում ևս աշխատելու հնարավորություններ է ունեցել, սակայն նախընտրել է գործունեությունը շարունակել Հայաստանում։

Արա Աբրահամյանը նաև քննադատել է Ծառուկյանի ձերբակալության հանգամանքներն ու այդ ընթացքում նրա նկատմամբ վերաբերմունքը:

«Ձեր ձերբակալության ժամանակ կամ կալանավայրում ձեր նկատմամբ պահվածքն ամոթալի է: Ամոթ նրանց (նկատի ունի իրավապահներին-խմբ.), ամոթ վարչապետին, որ թույլ է տվել այդպես վերաբերվել Ձեզ հետ, հազար ամոթ»,- նշել է Աբրահամյանը:

Ուղերձի վերջում նա Գագիկ Ծառուկյանին առողջություն և համբերություն է մաղթել՝ հույս հայտնելով, որ ստեղծված իրավիճակը շուտով կավարտվի, և ամեն ինչ իր տեղը կընկնի։

Հիշեցնենք` ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հոկտեմբերի 7-ին հայտնեց, որ արգելանք է կիրառվել Ծառուկյանին պատկանող շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի, 33 տրանսպորտային միջոցի, և 27 տարբեր ընկերություններում առկա բաժնեմասերի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված 40 իրավաբանական կազմակերպությունների բաժնեմասերի և բաժնետոմսերի, ինչպես նաև վերջիններիս պատկանող գույքի նկատմամբ։

Գագիկ Ծառուկյանը ծնվել է 1956թ–ի նոյեմբերի 25–ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում, Նիկոլայ և Ռոզա Ծառուկյանների ընտանիքում։ Նա եղել է ՀՀ ԱԺ 3–րդ, 4–րդ, 5–րդ, 6–րդ և 7–րդ գումարումների պատգամավոր։ Գագիկ և Ջավահիր Ծառուկյաններն ունեն վեց զավակ՝ Ռոզա, Գայանե, Էմմա, Անահիտ, Նվեր և Հովհաննես Ծառուկյաններ։

Sputnik Արմենիա

Leave a comment