«Ի տարբերություն նախորդ բոլոր տարիների սահմանադրական փոփոխություններին՝ սկսած 1995 թվականից, որտեղ դիրքորոշում պետք է արտահայտվեր բովանդակային քննարկման արդյունքում, այս սահմանադրության սաղմն արդեն իսկ մեռած է։ Այս սահմանադրության սաղմի հայրը Հայաստանը չէ, հայ չէ, և հստակ է, որ իրականում Ադրբեջանի պահանջն է, Ալիևի պահանջն է։ Եթե ի սկզբանե՝ շուրջ երկու տարի, չքմեղանում էին, թե որևէ կապ չկա Ադրբեջանի պահանջների հետ, վերջին մեկուկես ամսվա ընթացքում շատ հստակ այլևս իշխանության ներկայացուցիչները, այդ թվում՝ Արարատ Միրզոյանը, հայտարարում էին, որ Ադրբեջանի հետ փաստաթուղթ չի ստորագրվի, քանի որ Ադրբեջանն ասում է՝ մինչև Սահմանադրությունը չփոխեք… դրանից հետո էլ մնացած բոլորը ծխածածկույթ են»,- դատարանի մոտ, «հակասահմանադրական» ճանաչված գործով նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ պատասխանելով նոր սահմանադրության հրապարակված նախագծի մասին հարցին։
Նրա բնութագրմամբ՝ նախագիծը տպավորություն է թողնում, որ Նիկոլ Փաշինյանը փորձել է ոչ միայն Իլհամ Ալիևի պահանջները կատարել, այլև որոշակի վերաձևումներ անել՝ սեփական բռնապետական հակումները բավարարելու համար։
«Ֆյուրերը որոշել է նշել, որ ինքն է ազգի պապան, բայց առը հա… ինքը դա չի տեսնի։ Չի տեսնի առաջին հերթին, քանի որ խորհրդարանական ընտրություններում Հայաստանի քաղաքացին չտվեց իշխանությանը Սահմանադրություն փոխելու մանդատ, փոխարենը ընդդիմությանը Հայաստանի քաղաքացին տվեց այնքան մանդատ, որ կարողանա պատնեշ կանգնել ընդդեմ ալիևյան սահմանադրության ընդունման, և ընդդիմությունը այդ իր առաքելությունը կատարելու է մինչև վերջ։ Այսինքն՝ խորհրդարանական ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ որևէ ձայն չի տալու»։
Հնարավոր արտահերթ ընտրությունների մասին հարցին էլ Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Առաջին քայլը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։ Կտա հրաժարական՝ դրանից հետո կխոսենք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: