Նոր սահմանադրության նախագծում «հայ ժողովուրդ» եզրույթը «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթով փոխարինելը հայկական ազգային պետությունից հրաժարում է նշանակում, ընդգծում է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Տիգրան Աբրահամյանը․
«Ներկայում գործող Սահմանադրության մեջ Հայաստանի Հանրապետությունը դիտարկվում է որպես հայկական ազգային պետություն, որտեղ հայ ժողովուրդը պետականակերտ` տիտղոսային ազգ է, իսկ երկրում բնակվող ազգային փոքրամասնություններն ունեն սահմանադրորեն երաշխավորված իրավունքներ՝ իրենց լեզուն, մշակույթն ու ավանդույթները պահպանելու համար։
Ալիևյան սահմանադրությունում «Հայ ժողովուրդ» եզրույթը «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթով փոխարինելը նշանակում է հրաժարվել հայկական ազգային պետությունից և անցում կատարել զուտ տարածքային-քաղաքացիական մոդելի։ Այս դեպքում պետության տիտղոսային ազգի կրող դառնում է ոչ թե հայ ազգը, այլ տվյալ պահին երկրի տարածքում բնակվող և քաղաքացիություն ունեցող բնակչության ամբողջությունը՝ անկախ էթնիկ պատկանելությունից։
եթե Սահմանադրությունից դուրս է գալիս «հայ ժողովրդի»՝ որպես տիտղոսային ազգի դերը, ապա ցանկացած էթնիկ խումբ, որը ապագայում, օրինակ, Ադրբեջանից հաճախ հնչող խոսույթի համատեքստում, կարող է տեղափոխվել Հայաստան և ստանալ քաղաքացիություն, իրավաբանորեն դառնում է «ՀՀ ժողովրդի»՝ որպես ինքնիշխանության կրողի հավասարազոր բաղադրիչ, ինչն էլ կարող է փոխել մեր երկրի ազգային և ժողովրդագրական դիմագիծը»։