Շուշիում, Վարանդայում և Քարվաճառում ծածանվող ադրբեջանական դրոշը նաև Թուրքիայի հպարտության աղբյուրն է։ Ինչպես միասին կիսեցինք Ղարաբաղում հաղթանակի բերկրանքը, այնպես էլ վճռականորեն աշխատելու ենք Կովկասի խաղաղության և բարօրության համար։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Միջազգային կովկասյան կոնգրեսի մասնակիցներին ուղղված ուղերձում։
Թուրքական պետության ղեկավարի ուղերձում նշվում է, որ Զանգեզուրի միջանցքի բացումը կամրապնդի տրանսպորտային կապն Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև, ինչպես նաև նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև հաղորդակցության համար։
«Պատմության ողջ ընթացքում Թուրքիան Կովկասյան տարածաշրջանի հետ կիսել է թե՛ նրա վիշտը, թե՛ ուրախությունը։ Հենվելով մեր ընդհանուր պատմության տված ուժի վրա՝ մենք ցանկանում ենք ապագա սերունդներին փոխանցել մի տարածաշրջան, որտեղ կտիրի խաղաղության և կայունության մթնոլորտ», — հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա նաև կրկին ընդգծել է, որ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի հիման վրա նախագահ Իլհամ Ալիևի հետ ստորագրված Շուշիի հռչակագրի շնորհիվ երկու երկրների հարաբերությունները բարձրացել են դաշնակցային մակարդակի։