Եզրաս արքեպիսկոպոսը պատրիարք Կիրիլին է փոխանցել Գարեգին Բ-ի շնորհավորանքը

Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հանդիպել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին ու փոխանցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի շնորհավորանքն ու եղբայրական ողջույնը՝ ծննդյան 80-ամյակի առթիվ։ Այս մասին հայտնում է Մոսկվայի հայկական եկեղեցին` նշելով, որ հանդիպումը կայացել է նոյեմբերի 23-ին։

Եզրաս սրբազանը նաև թեմի հոգևորականության և հավատավոր ժողովրդի անունից է շնորհավորել Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդին՝ մաղթելով քաջառողջություն, երկարակեցություն և Քրիստոսի եկեղեցու բարգավաճմանն ուղղված բեղմնավոր ծառայության երկար տարիներ։

Արքեպիսկոպոսն իր խոսքում ընդգծել է, որ Հայ առաքելական և Ռուս ուղղափառ եկեղեցիների եղբայրական հարաբերությունները պատմական խոր արմատներ ունեն և անքակտելիորեն կապված են հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության հետ։

Հիշեցնենք, որ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը ծնվել է 1946 թվականի նոյեմբերի 20-ին։ Այս տարի նա նշել է ծննդյան 80-ամյակը։

Sputnik Արմենիա

Leave a comment