Նախկին դատավոր, փաստաբան Պարգև Օհանյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադարձել է նոր Սահմանադրության նախագծում տեղ գտած այն դրույթին, ըստ որի՝ դատավորները դառնալու են պաշտոնակատարներ՝ մինչև վերագնահատում անցնելը։
Նոր Սահմանադրության 85-րդ հոդվածում նշվում է․ «Սահմանադրության ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ հինգ տարվա ընթացքում իրականացվում է Սահմանադրության ուժի մեջ մտնելու պահին պաշտոնավարող դատավորների մեկանգամյա վերագնահատում։ Սահմանադրության ուժի մեջ մտնելու օրվանից դատավորները շարունակում են իրականացնել դատավորի լիազորությունները՝ որպես դատավորի ժամանակավոր պաշտոնակատարներ, մինչև օրենքով սահմանված կարգով նրանց վերագնահատման արդյունքների հիման վրա դատավորի պաշտոնում նշանակումը կամ դատավորի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունների դադարեցումը»։
Պարգև Օհանյանի խոսքով՝ դրա նախադեպը կա․ դեռևս 1990-ականներին, երբ նոր էր ձևավորվում Երրորդ Հանրապետության դատական համակարգը, գրեթե նույն բանն արվեց։
«Այն ժամանակ ստեղծվեց Արդարադատության խորհուրդ, որը հետո դարձավ Բարձրագույն դատական խորհուրդ։ Արդարադատության խորհրդի նախագահը Հանրապետության նախագահն էր։ Արդարադատության նախարարն ու գլխավոր դատախազն էլ, եթե չեմ սխալվում, հանդիսանում էին Արդարադատության խորհրդի փոխնախագահները։ Ինչո՞ւ եմ այսքան հեռվից գալիս, որովհետև այդ խորհուրդը սկսեց այսպես ասած «մաքրել» այս երկու համակարգերն էլ՝ և դատական համակարգը, և դատախազությունը։ Կամ ինչպես Սահմանադրության փոփոխությամբ են ձևակերպել՝ վերագնահատել։ Եվ սուբյեկտիվ չափանիշներով սկսեցին առաջնորդվել, օրինակ, այսինչի մասին ինչ-որ խոսակցություններ կային, նրա անունը ջնջում էին այսպես կոչված պիտանելիության ցուցակից։ Այդպիսի ցուցակ կար։ Հիմա նույն բանն է»,- ասաց նա։
Պարգև Օհանյանի խոսքով՝ ոչ թե Սահմանադրության փոփոխություն է կատարվել, այլ նոր Սահմանադրություն գրվել։ Եվ ստացվում է՝ եթե ոչ դե յուրե, ապա դե ֆակտո Չորրորդ Հանրապետություն է հաստատվում։ Եվ ստացվում է՝ տեղի ունենում նույնը, ինչ եղավ Երրորդ Հանրապետության ձևավորման սկզբում։
Անդրադառնալով հարցին, որ իշխանությունների թիրախում դատավորները մշտապես կան, պարբերաբար բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, թե դատական համակարգն անկախ չէ և կախվածության մեջ է նաև նախկիններից, Պարգև Օհանյանն ասաց․ «Եկեք ոչ ոքի չխաբենք՝ ցանկացած իշխանություն իրեն հնազանդ իշխանություններ է ուզում՝ օրենսդիր, դատական, գործադիր։ Փոփոխությունները բերում են նրան, որ, օրինակ, եթե ԲԴԽ կազմի 5 դատավորները գործող Սահմանադրությամբ ընտրվում էին Դատավորների ժողովի կողմից, մյուս 5 անդամը՝ Ազգային Ժողովի կողմից, նոր փոփոխությամբ 10-ին էլ Ազգային Ժողովն է ընտրելու։ Այսինքն՝ ուղիղ մեկ իշխանության, մեկ քաղաքական ուժի կամք։ Բնական է, դատական իշխանությունն անկախ չի լինի, եթե հիմա համարենք 50 տոկոսով անկախ, այն ժամանակ կլինի, օրինակ, 30 տոկոսով անկախ»։
Պարգև Օհանյանը նշում է, որ այս իշխանությունը ձգտում է, որպեսզի դատավորները ենթարկվեն իրեն։
«Բնական է դա, իշխանությունն էլ չի թաքցնում, դեմագոգիա կլինի էլի, որ ինչ-որ մեկը ասի՝ այդպես չէ ։ Բնականաբար, այն դատավորները, որոնք իշխանության կամքը չեն կատարի, կլինի ինչպես միշտ։ Այդ ո՞ր իշխանությունն է օգտվել ինչ-որ անհնազանդությունից, պետության բոլոր ղեկավարները՝ նախագահ, թե վարչապետ, ուզում է հնազանդ իշխանություն։ Գիտե՞ք՝ դա ամենամեծ սխալն է, պետության ղեկավարը պետք է հասկանա, որ այդ եռաստիճան համակարգը հենց նրա համար է, որ այդ չակերտավոր «անհնազանդ», իր ուզածը չկատարած դատավորի վճիռն ի վերջո իր ուզածով լինի և կատարվի։ Վերաքննիչը թող անի, Վճռաբեկը թող անի, բայց դրա համար առաջին ատյանի դատավորին չպետք է պատժեն, պետք է թողնեն, որ գոնե որոշ չափով այդ անկախության ու արդարադատության պատրանքը մնա»,- հավելեց Պարգև Օհանյանը։
Նրա խոսքով՝ համակարգը մեծ նշանակություն ունի, բայց այդուհանդերձ շատ բան կախված է մարդուց՝ հենց դատավորներից։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: