Երեկ հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը։
Ըստ ՔՊ-ականների՝ ՀՀ Սահմանադրության նախագծի հանրային քննարկումները կշարունակվեն մինչև 2027 թվականի գարուն։ Նոր Սահմանադրության նախագծում ամենաաղմկահարույց փոփոխությունը թերևս նախաբանն է, որտեղ չկա հղում Անկախության հռչակագրին։ Գործող Սահմանադրությամբ հայ ժողովուրդը «մայր օրենքն ընդունում է Անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքների ու համազգային նպատակների հիմքով»։
Նորում՝ ոչ թե հայ, այլ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որը Սահմանադրություն է ընդունում՝ հանուն պետականության հարատևության և զարգացման։ Արտաքին քաղաքականության նպատակների շարքում էլ ավելացվել է խաղաղության ապահովումը։
Երեկ նաև ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը տրվեց։
«Խաղաղությունից զատ՝ ԹՐԻՓՓ նախագիծը բացառիկ նշանակություն է ունենալու Հայաստանի Հանրապետության տնտեսական առաջխաղացման գործում և որպես այդպիսին էականորեն նպաստելու է արտաքին շուկաներին Հայաստանի հասանելիության աճին, Հայաստանի գործարար միջավայրի զարգացմանը և ներդրումների խթանմանը։ Այն հավասարապես կարևոր նշանակություն է ունենալու Հայաստանի շրջանների, հատկապես՝ Սյունիքի մարզի բնակչության համար՝ թույլ տալով լիարժեք կերպով բացահայտել մարզի զարգացման ներուժը։
ԹՐԻՓՓ-ի իրականացումը լրջագույն ներդրում է ունենալու նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդման գործում, քանի որ բարձրացնելու է մեր երկրի կշիռը և դրանով հանդերձ զգալիորեն ընդլայնելու է Հայաստանի կայունության և ապահովության հարցում շահագրգիռ կողմերի շրջանակը»,- ասել է Փաշինյանը։
MediaHub-ը Սահմանադրության փոփոխությունների և ԹՐԻՓՓ-ի մասով զրուցել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ։
«Տեսե՛ք, տեքստը կարդացել եմ, բայց բովանդակային քննարկման մեջ մտնելու անհրաժեշտություն բացարձակապես չկա, որովհետև էս փոփոխությունները պայմանավորված են ոչ թե օբյեկտիվ անհրաժեշտությամբ, այլ սուբյեկտիվ ընկալումներով և պահանջներով։ Ադրբեջանական կողմն ունի ընկալում, որ ներկայիս Սահմանադրությունն ինչ-ինչ դրույթներով հակասում է Ադրբեջանի ազգային և պետական շահերին։ Կա պատվեր, պահանջ ադրբեջանական կողմից, Հայաստանի Հանրապետության իշխանությունները եկել են և այդ պատվերը փաթեթավորում են։ Հիմա ո՞նց են իրենք փաթեթավորում. եթե տեքստի մեջ պայմանականորեն գրված լինի, որ Սահմանադրության ընդունումից հետո Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի 20 միլիոն դրամ միանվագ աջակցություն կստանա, նույնիսկ այդ պարագայում, ես կարծում եմ, որ որևիցե բովանդակային քննարկման մեջ չի կարելի մտնել։ Ադրբեջանն էլ նախապայման է դնում՝ փոխել Սահմանադրությունը, հակառակ դեպքում խաղաղություն չի լինելու։ Մենք Ադրբեջանի Սահմանադրությունն ընկալում ենք որպես տարածքային պահանջ մեր նկատմամբ, ու սրա մասին ոչ թե Բենիամին Մաթևոսյանն է խոսում, այլ Նիկոլ Վովայի Փաշինյանը»,- ասաց Մաթևոսյանը։
Քաղաքագետը հայտնեց. «Եթե Ադրբեջանի Սահմանադրությունը պարտադրված ընդունվում է, մենք Օվերտոնի պատուհան ենք բացում նրանց համար, որ իրենք ևս նոր պահանջներ առաջ քաշեն, որոնց վերջնակետը լինելու է Հայաստանի լուծարումը, որտեղ Ադրբեջանը միշտ իր համար հայկական պետության մեջ սպառնալիք է տեսնելու։ Դրա համար էս իրողությանը պետք է մի քիչ լուրջ վերաբերվել, մերժել Ալիևի Սահմանադրությունը ու զուգահեռաբար առաջարկել այլընտրանք։ Եթե մենք ասում ենք, որ կա Սահմանադրության խնդիր իրենց մոտ, իրենք ասում են՝ կա մեր մոտ, ուրեմն եկեք միջնորդ բերենք, որ կարողանա էս հարցը կարգավորել»։
Նա հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը որևիցե կարմիր գիծ չունի, պատգամավորներն ամեն ինչ հասկանալով՝ պիտի պարտավորություն վերցնեն, պետք է էս ամեն ինչին դիմադրեն։ Այն հարցին, թե արդյոք ԱԺ-ում հանրաքվեի անցկացումը չհաստատվելու դեպքում հնարավո՞ր է արտահերթ ընտրություններ լինեն, Մաթևոսյանը նշեց. «Եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է արտահերթ ընտրություններ, մի քանի նախապայման կա արտահերթի համար. իրենց պետք է, չէ՞, ալիևյան Սահմանադրությունն ընդունել, ընդդիմությանն էլ պետք է շանս՝ քաղաքական իրողությունները Հայաստանում փոխելու։ Եթե էդպես է, գնում ենք արտահերթ ընտրությունների, բայց ի՞նչ պայմանով. Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս, բայց ինքը չի լինում վարչապետի պաշտոնակատար ամբողջ նախընտրական փուլում, որպեսզի հատուկ ծառայությունների նկատմամբ վերահսկողություն չունենա։ Նիկոլ Փաշինյանի հետ միասին հրաժարական են տալիս Ներքին գործերի նախարարը, ոստիկանապետը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարը, ձևավորվում է ժամանակավոր կառավարություն՝ ազգային համաձայնության, և իմ նշած բոլոր պաշտոնները պետք է զբաղեցնեն մարդիկ, որոնք վստահություն են վայելում ընդդիմադիր խմբակցությունների մոտ»։
ԹՐԻՓՓ-ի մասով քաղաքագետը նշեց. «Ֆորմալ առումով նախագիծն իրականացնելու ենք մենք և ամերիկացիները, բայց դրա թիվ 1 շահառուն Թուրքիան և Ադրբեջանն են լինելու, որովհետև իրենք ոչ միայն ուղիղ ցամաքային ամենակարճ կապն են ստանում, այլ նաև հնարավորություն է տրվելու Թուրքիային՝ այսպես կոչված «թուրքական աշխարհը» միավորելու և հասնելու իրենց դարավոր նպատակը, երազանքը կյանքի կոչելուն։ Նիկոլ Փաշինյանը մեզ հրամցնում է Ադրբեջանի պահանջով գրված Սահմանադրությունը, բերում է, մեզ հրամցնում է մի ենթակառուցվածքային նախագծով, որի թիվ 1 շահառուն Թուրքիան ու Ադրբեջանն են, ուղղակի այնտեղ կա փայատեր՝ ի դեմս Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Ինքը փորձում է Ամերիկայի Միացյալ Նահանգների կերպարը՝ որպես գերտերություն, մեր վրա վաճառել որպես մի երևույթ, հանուն որի կարելի է Սահմանադրություն փոխել, կարելի է միջանցք հանձնել, կարելի է հանդուրժել ադրբեջանցիների պահանջները»։