Հայկական հետքն Իտալիայում. «Գեղարդ» հիմնադրամ

Վերջերս հնագետները հայկական թոնիր են հայտնաբերել Իտալիայի միջնադարյան քարանձավային եկեղեցիներից մեկում։ Մասնագետների կարծիքով՝ թոնրի հայտնաբերումը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային ուսումնասիրությունների համար՝ հատկապես հայերի թողած հետքն ուսումնասիրելու տեսանկյունից։

Իտալիայում հայկական հետքը թվագրվում է վաղ միջնադարով։ Դրա վառ ապացույցն է Իտալիայի Միլան քաղաքի թաղամասերից մեկում՝ Բրուցանոյում, գտնվող «Հայերի ամրոցի» կամ «Հայկական ամրոցի» մնացորդները՝ հայտնի որպես Rocca Armenia կամ Rocca degli Armeni (արաբերեն՝ Qalat al-Armanin) անվամբ։

Ըստ հասանելի տեղեկությունների՝ տեղանունը կապված է 9-րդ դարի բյուզանդական հայտնի զորահրամանատար Ավագ Նիկեփորոս Փոկասի ռազմարշավների ընթացքում իրեն ուղեկցած հայկական զորամիավորումների հետ, որոնք 885 թվականին հաստատվել են այնտեղ՝ որպես ստրադիոտներ՝ բալկանյան վարձկան հեծելազորներ։

Ամրոցը տարիների ընթացքում երկրաշարժերի հետևանքով ավերվել է, սակայն ժայռի գագաթին պահպանվել են ամրոցի պաշտպանական ռազմական կառույցների, ազնվականական նստավայրի, մատուռի և ժայռի մեջ փորված ջրամբարների մնացորդները, ինչպես նաև՝ մի արահետ, որն անցնում է լքված Բրուցանո Վեկկիո գյուղի միջով։ Ամրոցից ոչ հեռու գտնվում է Բրանկալեոնե Վետուսի հունախոս տարածքը, որտեղ հայկական ծագմամբ քարանձավային եկեղեցին է։ Եկեղեցու ներսում հայտնաբերվել են սիրամարգի և խաչերի փորագրություններ, իսկ կենտրոնի սյունաձև կառույցը Կենաց ծառն է, ինչի անունով էլ քարանձավային եկեղեցին ստացել է «Կենաց ծառի քարանձավ» անվանումը։

Հայկական գետնափոր թոնիրը եկեղեցում հայտնաբերվել է 2024 թվականի պեղումների ընթացքում։ Եվս մեկ ապացույց եկեղեցու՝ հայկական ծագման մասին։ Եկեղեցին թվագրվում է 9-րդ դարով։ Հետազոտություն իրականացրած հնագետ, պատմաբան Սեբաստիանո Ստրանգեսի նկարագրմամբ՝ եկեղեցին խորհրդանշում է տիեզերք, որի շրջանաձև կառուցվածքի կենտրոնում կանգնած է Կենաց ծառը, որն էլ ըստ էության, Հիսուս Քրիստոսի մարմնավորումն է։ Հնագետի կարծիքով՝ եկեղեցին նվիրված է եղել Սուրբ Հոգուն և Հարությանը։

Այս տարածաշրջանը հայտնի է իր հունական, լատինական և նորմանական ազդեցությամբ։ Հնագետների կարծիքով՝ եկեղեցու՝ հայկական լինելու բացահայտումը նոր լույս է սփռում տարածաշրջանի բազմազանության և հետագա ուսումնասիրությունների վրա։ Արդյունքում՝ տեղանունների և անձնանունների հետազոտությունն էլ ավելի է ընդգծում տարածաշրջանում հայկական ներկայությունն ու թողած անջնջելի հետքը։

Իտալիայի Ռեջիո Կալաբրիա նահանգի Կասինյանա համայնքի շրջակայքում հանդիպում են նաև պատմական տեղանուններ, ինչպիսիք են՝ «Ղարմենի» (Gharmeni), որը «արմենի», այն է թե՝ «հայ» բառի բարբառային տարբերակն է, «Վարթա» (Varta) կամ «Վարեթ» (Varet) տեղանունը, որն առաջացել է «վարդապետ» բառից և այլն։ Սակայն, այսօր այդ բնակավայրերում բնակչություն չկա։

Իտալիայում հայկական հետքի՝ մեկ այլ հետաքրքիր և կարևոր նմուշ է Կալաբրիայում տարածված հայ թագուհու մասին լեգենդը։ Համաձայն լեգենդի՝ հայ թագուհին իր ժողովրդին ուղղորդել է Կալաբրիայի Ասպրոմոնտ լեռների բարձունք՝ կեցության ապահով և անառիկ տեղ փնտրելու՝ եզներին պահելու համար։ Արդյունքում հիմնվել է Բովա բնակավայրը։ «Բովա» բառն առաջացել է լատինական «bos» (սեռական հոլովում՝ «bovis») կամ հին հունարեն «bous» (βoῦς) արմատից՝ «եզ», «կով» կամ «ցուլ» նշանակությամբ։ Հետագայում «բովա»-ն ենթարկվել է բարբառային վերափոխման՝ դառնալով «Վուա»։ Այստեղից էլ պատմական Վուա լեռան անունը։

Պատահական չէ, որ Բրանկալեոնե Վետուսից մինչև Ասպրոմոնտե ձգվող ընդարձակ հովիտը մինչ օրս էլ կոչվում է «Հայերի հովիտ»՝ «Valle degli Armeni»։

Հայկական հետքն անվիճելիորեն առկա է ոչ միայն Կովկասյան տարածաշրջանում, այլև՝ տարածաշրջանից դուրս։ «Հայերի ամրոցի» առկայությունն ու դրա ենթակառուցվածքների մանրակրկիտ ուսումնասիրությունը ևս մեկ անգամ վկայում են տվյալ տարածքում հաստատված հայկական համայնքի նշանակալի դերի, հայերի ռազմական կազմակերպվածության, պաշտպանական կառույցների ճարտարապետության մասին։ Միևնույն ժամանակ՝ ամրոցի, քարանձավային եկեղեցու, տեղանունների և ժողովրդական ավանդազրույցների համադրությունը թույլ է տալիս հայկական ներկայությունը դիտարկել ոչ թե որպես առանձին կամ պատմական դրվագ, այլ՝ որպես տարածաշրջանի պատմամշակութային զարգացման կարևոր բաղադրիչ։

«Գեղարդ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment