Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը իրավապաշտպան կազմակերպություն է, որի նպատակն է քաղաքական հետապնդումների բացահայտումը, դրանց արձագանքելն ու կանխելը, ինչպես նաև քաղաքական իրավունքների պաշտպանությունը:
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
2026թ․ նոյեմբերի 16-ին իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում (e-draft.am) հրապարակվել է ՀՀ արդարադատության նախարարության (ԱՆ) հեղինակած նախագիծ, որով նախատեսվում է սահմանել ոչ նյութական վնասի հատուցման դրամական փոխհատուցման նվազագույն սահմանաչափեր[1]։ Ըստ նախագծի՝ վիրավորանքի հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման նվազագույն չափ է առաջարկվում սահմանել 1․000․000 ՀՀ դրամը, իսկ զրպարտության դեպքում՝ 2․000․000 ՀՀ դրամը։
Վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացումից ի վեր Հայաստանում հատուցման նվազագույն չափ երբեք սահմանված չի եղել, ինչը հնարավորություն է տվել դատարաններին ավելի ճկուն գտնվել փոխհատուցման չափ սահմանելիս և հաշվի առնել պատասխանողի գույքային դրությունը և այլ հանգամանքներ։ Փոփոխությամբ ոչ միայն սահմանափակվելու է դատարանների ճկունությունը, այլև նման գործերով պատասխանողների վրա դրվելու է անհամաչափ բեռ, քանի որ առաջարկվող նվազագույն շեմերն ավելի քան, համապատասխանաբար, երեք և վեց անգամ գերազանցում են ՀՀ-ում միջին ամսական աշխատավարձը[2]։
Հաշվի առնելով Հայաստանում արտահայտման ազատության ներկա վիճակը և այդ ազատության միջազգային չափանիշները, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի գնահատմամբ նախագծի՝ օրենքի ուժ ստանալու պարագայում արտահայտման ազատությունը կարող է անհամաչափ սահմանափակվել։
ՀԱՄԱՏԵՔՍՏ․ ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ
Վիրավորանքի և զրպարտության համար դրամական փոխհատուցման նվազագույն (և միաժամանակ՝ շատ բարձր) շեմ առաջարկվող ՀՀ ԱՆ նախագիծը պետք է դիտարկել արտահայտման ազատության ներկայում վատթարացող իրավիճակի համատեքստում։
Թեև վիրավորանքն ու զրպարտությունը Հայաստանում ապաքրեականացվել էին դեռևս 2010 թվականին[3], վերջին տարիներին այն հաճախ շրջանցվում է, երբ նույնական արարքների (կոշտ կամ հայհոհյախառն արտահայտությունների) համար կիրառվում է «խուլիգանության» հանցակազմը[4]։ Այդ մեղադրանքով հետապնդվում են, օրինակ՝ ընդդիմադիր փոդքասթերներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը, որոնց կալանավորման առթիվ առաջին աստիճանի (Level 1) ահազանգ էր բարձրացրել Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակը[5]։
Քրեականացված ատելության խոսքի հոդվածները՝ անձի որոշակի հատկանիշով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը (ՀՀ ՔՕ, հոդված 329) և բռնություն գործադրելուն, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային կոչը (ՀՀ ՔՕ, հոդված 330) իրավապահները մեկնաբանում են կամայական՝ կոպտորեն հակասելով ատելության խոսքի վերաբերյալ միջազգային չափանիշներին, ներառյալ՝ ԵԽ նախարարների կոմիտեի մշակած «Ատելության խոսքի դեմ պայքարի մասին» թիվ CM/Rec(2022)16 հանձնարարականի։ Վարույթների ճնշող մեծամասնությունում կոչերը կամ խոսքը պայմանավորված են պաշտոնյաների վարած քաղաքականությամբ, ինչը խեղաթյուրված նույնացվում է «քաղաքական հայացք» պաշտպանվող հատկանիշին։ Դրա հետևանքով պետական պաշտոնյաներին ուղղված թույլատրելի քննադատության շեմը (որը պետք է ավելի բարձր լիներ այլ քաղաքացիների համեմատ) արհեստականորեն իջեցվում է՝ դառնալով կոշտ քննադատությունից պաշտպանվելու ոչ իրավաչափ գործիք[6]։
Դատարանի, դատախազի, քննիչների և քրեական դատավարության այլ մասնակիցներին արատավորող տեղեկություն հրապարակելու հանցակազմը (ՀՀ ՔՕ, հոդված 490) ընդդիմադիր քաղաքական գործիչ Արթուր Դանիելյանի դեմ կիրառվել է ուժային կառույցին ուղղված կոշտ քննադատության համար, թեև կառույցը (օրինակ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը) որպես պետական մարմին նշված հոդվածով չի կարող տուժող լինել։ Սույն զեկույցի հրապարակման պահին Ա․ Դանիելյանը դեռևս կալանավորված է[7]։
Հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերը (անգլերեն՝ SLAPP) պետության և մասնավոր կազմակերպությունների կողմից հաճախ կիրառվում են ընդդեմ լրագրողների, իրավապաշտպանների[8] և բնապահպանների[9]։ Չնայած որոշ օրենսդրական փոփոխությունների[10], կենսունակ հակա-SLAPP օրենսդրությունը Հայաստանում բացակայում է։ Դրա ընդունման անհրաժեշտությունը ընդգծել են իրավապաշտպան կազմակերպությունները[11], ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը[12]։
Այս համատեքստում պետք է հիշել, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը 2026 թվականին Հայաստանում խոսքի ազատության ցուցանիշը նախորդ տարվա «բավարարից» իջեցրել էր «խնդրահարույցի»[13]։ Նոյեմբերի 4-ին Արևելյան գործընկերության երկրներում (այդ թվում՝ Հայաստանում) քաղհասարակությունների միջավայրը գնահատող «ՔՀԿ չափիչը» մտահոգություն էր հայտնել պաշտոնյաների հասցեին կոշտ քննադատության համար (ներառյալ՝ առցանց տիրույթում) քրեական վարույթների կիրառման առթիվ, նշելով, որ քրեական արդարադատության անհամաչափ և ընտրովի կիրառումը կարող է հանրային բանավեճի վրա կաշկանդող ազդեցություն (chilling effect) ունենալ: Ատելության խոսքի և «խուլիգանության» հանցակազմերի կիրառման մի շարք դեպքերին անդրադառնալով «ՔՀԿ չափիչն» այն համարել էր քաղաքացիական հասարակության համար բացասական փոփոխություն[14]։
Այս համատեքստում վիրավորանքի և զրպարտության համար բարձր «նվազագույն» շեմ սահմանելը կարող է էլ ավելի վատթարացնել արտահայտման ազատության վիճակը Հայաստանում։
ՆԵՐՊԵՏԱԿԱՆ և ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
Վիրավորանքի և զրպարտության համատեքստում դրամական փոխհատուցման չափին վերաբերող հիմնական սկզբունքը համաչափությունն է։ Արտահայտման ազատության համատեքստում սահմանափակման եռաստիճան թեստը[15] կիրառելիս, ըստ որի ցանկացած միջամտություն պետք է նախատեսված լինի օրենքով (1), հետապնդի իրավաչափ նպատակ (2) և անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությունում (3), Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաճախ հիմնվում է հենց երրորդ հանգամանքի վրա՝ միջամտության անհրաժեշտությունը գնահատելով դրա համաչափության տեսակետից[16]։ Այդ նպատակով, ի թիվս այլնի, հաշվի են առնվում պատժամիջոցի բնույթը (օրինակ՝ դրամական փոխհատուցում) և դրա խստությունը (դրամական փոխհատուցման չափը)[17]։ Նույն տրամաբանությամբ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, դատապարտելով վիրավորանքի և զրպարտության գործերով չափազանց մեծ փոխհատուցման չափեր նշանակելը, առաջարկել է սահմանել փոխհատուցման խելամիտ վերին շեմեր և սահմանել չարաշահման դեմ բավարար իրավական երաշխիքներ[18]։
Ինչպես նշվեց, վիրավորանքի և զրպարտության հարցերով կարգավորումների խնդիրներից է նաև համապարփակ հակա-SLAPP օրենսդրության բացակայությունը։ Այս համատեքստում էական փաստաթուղթը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2024թ․ առաջարկությունն է՝ հրատապ կարգով ներդնել SLAPP-երին հակազդելու իրավական կարգավորումներ և որդեգրել համապատասխան քաղաքականություն։ Ի թիվս այլնի, առաջարկությունը ներառում է հայցվորի օգտին սահմանվող վնասի հատուցման չափի առավելագույն շեմ նախատեսելը՝ պատասխանողների նկատմամբ անհամաչափ ֆինանսական պատժամիջոցների կիրառումը կանխելու նպատակով[19], իսկ հայցվորի կողմից անհամաչափ հատուցման միջոցներ պահանջելն առհասարակ դիտարկվում է որպես SLAPP ցուցիչ[20]։
Հայաստանում վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացումից հետո փոխհատուցման մասով համաչափության սկզբունքը ներդրվել է քաղաքացիական օրենսդրության մեջ և մեկնաբանվել ՀՀ Սահմանադրական դատարանի (ՍԴ) կողմից։ Ըստ օրենքի՝ նման գործերով փոխհատուցման չափը որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն արտահայտությունների տարածման շրջանակը և վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունը[21]։ Մեկնաբանելով օրենքը, ՍԴ-ն մանրամասնել էր գույքային դրության գնահատման չափանիշները․
- հաշվի առնել պատասխանողի եկամուտների չափը,
- թույլ չտալ պատասխանողի համար անհամաչափ ծանր նյութական բեռ, որը բացասական վճռորոշ ֆինանսական ազդեցություն կունենա վերջինիս գործունեության համար:
(Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի 15․11․2011 թ. թիվ ՍԴՈ-997 որոշումը, կետ 9)
Այս որոշմամբ ՍԴ-ն կարևոր երաշխիք էր համարել «փոխհատուցման նվազագույն չափի օրենսդրական ամրագրման բացակայության և առավելագույն չափի ամրագրման առկայության հանգամանքը»[22]: Ի դեպ, ՍԴ-ն նույն դիրքորոշմանն էր հղում կատարել 2021թ․-ին՝ քննելով վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման վերին շեմերը բարձրացնող օրենքի սահմանադրականության հարցը[23]։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Վիրավորանքի և զրպարտության համար դրամական փոխհատուցման նվազագույն շեմեր առաջարկող ՀՀ ԱՆ նախագիծն ուղիղ հակասում է ՀՀ Սահմանադրական դատարանի տևական դիրքորոշմանը և չի բխում արտահայտման ազատության նկատմամբ միջամտություններում համաչափության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունից։
Փոխհատուցման չափը որոշելիս, անկախ նրանից, թե որքան է պահանջել հայցվորը, դատարանները պետք է առաջնորդվեն հենց համաչափության սկզբունքով, որի հետևանքով պրակտիկայում փոխհատուցման չափերը առավել հաճախ հենց 0-ից 1․000․000-ի միջակայքում են[24]։ Նախագծի ընդունման արդյունքում, փաստորեն, այդ միջակայքը վերանալու է․ վիրավորանքի կամ զրպարտության համար հայցվորները զրկվելու են ավելի քիչ դրամական փոխհատուցում պահանջելու հնարավորությունից (որպես հետևանք՝ ստիպված են լինելու ավելի բարձր պետական տուրք մուծել), իսկ փոխհատուցում սահմանելու անհրաժեշտության դեպքում դատարանները ստիպված են լինելու կիրառել Հայաստանում միջին աշխատավարձի համապատասխանաբար առնվազն եռապատիկի կամ վեցապատիկի չափով գումար։
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը կոչ է անում պատկան մարմիններին.
- ՀՀ Արդարադատության նախարարության՝ 16․11․2026թ․ հրապարակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի առաջին և երկրորդ հոդվածները, որոնք սահմանում են վիրավորանքի և զրպարտության համար սահմանված նվազագույն աշխատավարձի համապատասխանաբար 1000-ապատիկի և 2000-ապատիկի չափով (այսինքն՝ 1․000․000 և 2․000․000 ՀՀ դրամ) փոխհատուցման նվազագույն շեմ, չներկայացնել ՀՀ Ազգային ժողովին, կամ՝
- Նշված նախագիծն առկա խմբագրությամբ ներկայացնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին և Վենետիկի հանձնաժողովին՝ կարծիք ստանալու նպատակով։
[1] ՀՀ արդարադատության նախարարություն, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում 16․11․2026թ․ (հանրային քննարկումը՝ մինչև 01․12․2026թ․), https://www.e-draft.am/projects/10916/about
[2] ՀՀ վիճակագրական կոմիտե, «Միջին ամսական անվանական աշխատավարձ», ժամանակային շարքեր։ Նախնական տվյալներով՝ 2026թ․ սեպտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 308․927 ՀՀ դրամ, https://armstat.am/am/?nid=12&id=08001
[3] 2021թ. իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քրեական օրենսգրքում ավելացրել էր «ծանր վիրավորանքի» հանցակազմ, որն ապաքրեականացվել էր հաջորդ տարի։ Ավելի մանրամասն տե՛ս «Հանցանք» առանց օրենքի. Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի քաղաքական հետապնդումը (զեկույց), ՔԻՀԿ, 12․04․2024թ., էջ 4-5, https://acpr.center/hy/publications/report-crime-without-law/
[4] Նույն տեղում, ինչպես նաև «Հայտարարություն Antifake.am թիմի նոր քաղաքական հետապնդման մասին», ՔԻՀԿ, 14․11․2025թ․, https://acpr.center/hy/publications/statement-antifake/
[5] Լրագրության պաշտպանության և լրագրողների անվտանգության խթանման ԵԽ հարթակ, ահազանգ թիվ 304/2025, «Podcasters Detained on Hooliganism Charges; Journalist Briefly Detained; Antifake.am Equipment Seized» (առաջին աստիճան), 11․12․2025թ․, https://fom.coe.int/en/alerte/detail/107643293
[6] Տե՛ս ՔԻՀԿ, «Ատելության խոսքի հոդվածները՝ քաղաքական հետապնդման գործիք» (հատուկ զեկույց), 03․06․2026թ․, https://acpr.center/hy/publications/report-hate-speech-laws/
[7] ՔԻՀԿ, «Քաղաքական հետապնդումներ»․ Արթուր Դանիելյան, https://acpr.center/hy/persecutions/artur-danielyan/
[8] Amnesty International, «Armenia 2025», Amnesty International Report 2025/26 (զեկույցում նշվում է լրագրողների և իրավապաշտպանների դեմ պետական և կորպորատիվ դերակատարների նախաձեռնած նոր SLAPP հայցերի մասին), https://www.amnesty.org/en/location/europe-and-central-asia/eastern-europe-and-central-asia/armenia/report-armenia/
[9] Մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանության դիտակետ (FIDH–OMCT), «Armenia: Renewed judicial harassment against women environmental human rights defenders Nazeli Vardanyan and Tehmine Yenoqyan», 09․10․2026թ․, https://www.fidh.org/en/region/europe-central-asia/armenia/armenia-renewed-judicial-harassment-against-women-environmental-human
[10] Թեև 2024թ․ իրավունքի չարաշահման և ակնհայտ անհիմն հայցապահանջների դեմ ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում ավելացվել են դրույթներ, դրանք բավարար չեն արտացոլում ԵԽ նախարարների կոմիտեի CM/Rec(2024)2 հանձնարարականի առաջարկները (տե՛ս ծանոթագրություն 19)։
[11] Տե՛ս, օրինակ, Front Line Defenders, «Ongoing judicial harassment against Nazeli Vardanyan», (վերջին թարմացումը՝ 05․11․2026թ․), https://www.frontlinedefenders.org/en/case/ongoing-judicial-harassment-against-nazeli-vardanyan
[12] ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, «Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Անահիտ Մանասյան», 26․10․2026թ․, https://ombuds.am/news/4052
[13] «Լրագրողներ առանց սահմանների» (RSF), Մամուլի ազատության համաշխարհային ինդեքս 2026, Հայաստանի էջ․ Հայաստանը 180 երկրների շարքում 50-րդն է՝ 67,02 միավորով (2025թ․՝ 34-րդ տեղ, 73,96 միավոր), https://rsf.org/en/country/armenia
Միավորների միջակայքերի («բավարար»՝ 70–85, «խնդրահարույց»՝ 55–70) համար տե՛ս RSF, «The methodology used for compiling the World Press Freedom Index 2026», https://rsf.org/en/methodology-used-compiling-world-press-freedom-index-2026
[14] ՔՀԿ չափիչ (CSO Meter), «Armenia: Criminal charges over social media posts raise renewed concerns on freedom of expression», 04․11․2026թ․, https://csometer.info/updates/armenia-criminal-charges-over-social-media-posts-raise-renewed-concerns-freedom-expression
[15] Տե՛ս Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասը
[16] «Աքսել Շպրինգեր ԱԳ-ն ընդդեմ Գերմանիայի» (Axel Springer AG v. Germany [GC], no. 39954/08, 07․02․2012թ․), պարբ․ 75, 76 և 110
[17] «Ջեյլանն ընդդեմ Թուրքիայի» (Ceylan v. Turkey [GC], no. 23556/94, ECHR 1999-IV), պարբ․ 37
[18] ԵԽ խորհրդարանական վեհաժողովի «Զրպարտության ապաքրեականացման ուղղությամբ» (Towards decriminalisation of defamation) թիվ 1577 (2007) բանաձև, պարբ․ 14, 17․8, 17․9
[19] Նախարարների կոմիտեի CM/Rec(2024)2 հանձնարարականը անդամ պետություններին՝ հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական հայցերի (SLAPP) կիրառմանը հակազդելու վերաբերյալ, Հավելված, պարբ․ 42, https://rm.coe.int/0900001680af2805
[20] Նույն տեղում, պարբ․ 8 (c)
[21] ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք, հոդված 1087․1, մաս 11
[22] Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 15․11․2011թ․ ընդունված թիվ ՍԴՈ-997 որոշումը, կետ 9
[23] Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 05․10․2021թ․ ընդունված թիվ ՍԴՈ-1612 որոշումը, կետ 4․3
[24] «Զրպարտության դեմ՝ ավելի խիստ պատիժ․ Ալեն Սիմոնյանի նախագծի շուրջ», CivilNet, 24․03․2021թ․, https://civilnet.am/hy/news/574499
Տե՛ս նաև Datalex.am համակարգում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածի հիմքով դատական գործերը (օրինակ՝ թիվ ԵԴ/13020/02/23)
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: