Դրան վերաբերվում եմ ոչ թե որպես պրոֆեսիոնալների կողմից գրված լուրջ ու հիմնարար փաստաթղթի, այլ ՀԺ-ում Նիկոլի հոդվածի, թե ինչպես է ի՛նքը ուզում, որ կարգավորվի մեր միասնական կյանքը. Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի նախկին քարտուղար Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը

Սկսեցի սահմանադրական փոփոխությունների տեքստը կարդալ ու առաջացած առաջին զգացողությունն էն էր, որ սա իրավական փաստաթղթի նախագիծ չի, այլ Նիկոլ Փաշինյանի հոդվածն է երկրի գլխավոր օրենքի մասին էնպես, ինչպես ինքը դա պատկերացնում է։ Իհարկե, մանրամասն հետո կգրեմ, բայց հենց սկզբում կանգ առա մի բանի վրա, ինչով ուզում եմ կիսվել ձեզ հետ։ Գուցե ոչ իրավաբանները էս ակնառու բանը չնկատեն էլ, բայց առանցքային երևույթ է նրա մասին, թե ոնց է հանրային հարաբերությունները պատկերացնում «հոդվածագիրը»՝ Նիկոլը։

5-րդ հոդվածից սկսած տեքստում օգտագործվում է «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները…», իսկ 20-րդ հոդվածն ընդհանրապես էդ վերտառությամբ է։ Մինչդեռ «մարդու իրավունքներն» ու «քաղաքացու ազատությունները» շատ նման, բայց իրարից խիստ տարբեր բաներ են ենթադրում։ Մարդու իրավունքներն էն է, ինչ մարդը ստանում է ի ծնե միայն նրա բերումով, որ մարդ է ծնվել։ ՄԱԿ-ի անդամ և/կամ քաղաքակիրթ բոլոր երկրները դրանք ընդունում, հարգում ու դրանց իրացումն ապահովում են՝ անկախ, թե երկրում ինչ քաղաքական համակարգ է,  ինչ քաղաքացիություն ունի մարդը, որտեղ է ապրում և այլն։

Ի տարբերություն սրա, քաղաքացու ազատությունները մարդու հետ չեն ծնվում, այլ սահմանվում ու կարգավորվում են տվյալ երկրի սահմանադրությամբ ու օրենքներով էն պարագայում, երբ մարդը հանդիսանում է տվյալ քաղաքական համայնքի անդամը՝ քաղաքացին։ Ընդ որում, սա նաև փոխադարձ պարտավորությունների տեսքով որոշակի փոխներգործություն է ենթադրում քաղաքացիների և պետական կառավարման համակարգի միջև։ Սա միակ տարբերությունը չի ու ասեմ, թե ինչու է կարևոր տարանջատել։

Իրավականից մարդկային լեզվով թարգմանելով կստացվի, որ «մարդու իրավունքների» պարագայում դրանք ապահովելու համար պետությունից պահանջելու հնարավորություն ունենք։ Եթե պետությունը չի՛ ապահովում մարդու իրավունքների իրացումը (ինչպիսիք են կյանքի իրավունքը, կրթության իրավունքը, առողջ միջավայրում ապրելու իրավունքը, դատական պաշտպանության իրավունքը և այլն) մենք ստիպված ենք ու պե՛տք է պարտադրենք, որ պետությունը ապահովի դրանց իրացումը, որովհետև իր բան ու գործի մեծ մասը դրանց ապահովումն ա։ Պետությունը պոզիտիվ պարտականություն ունի միջամտել ու պաշտպանել մարդու իրավունքների իրացման գործին և ՊԵՏՔ է շատ ակտիվ գործունեություն ծավալի, որ դա ապահովվի։

Քաղաքացու ազատությունների պարագայում պետությունը ինչքան հեռու մնա սրանց միջամտությունից, էնքան լավ։ Օրինակ՝ տեղաշարժի ազատության իրավունքը, դավանանքի ազատությունը, քաղաքական հավաքների ազատությունը, ընտրության գաղտնիության իրավունքը։ Սրանք բացարձակ իրավունքներ չեն, այլ տրվում են էն մարդկանց, որոնք հանդիսանում են քաղաքացիներ ու դրա բերումով միմյանց առաջ համապատասխան փոխադարձ պարտավորություններ են ստանձնել։ Սա անհատի ինքնադրսևորման ոլորտն է,  որտեղ պետությունը պետք է Չ՛միջամտի, Չ՛խանգարի և կողքից լուռ հետևի, որ էս ազատություններին մատով կպնող չլինի։

Թվում է,  թե ինչ տարբերություն, թող հիմա էլ տենց գրվի… Բայց՝ չէ։ Բախում է լինում ոչ միայն «մարդու իրավունքների իրացման» ու «քաղաքացիների ազատությունների իրացման» խմբերի միջև, այլև հենց քաղաքացիների ազատությունների ապահովման հարցում։ Օրինակ՝ ապահովել մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը էն դեպքում, երբ փողոցով անցնող բազմությունն իրացնում է հավաքների ազատության իր իրավունքը (Օսիպյան, ականջդ կանչի)։ Թերևս, միամտություն էր այլ բան ակնկալել մարդուց, ում քաղաքական միտքը «միավորվել-Ազատության հրապարակում միտինգ անել-գնալ Բաղրամյան 26» շղթայից շատ առաջ չի գնացել, անհրաժեշտություն չի եղել ուսումնասիրել հանրային հարաբերությունների հիմքերը։ Միամտություն էր կարծել, որ ռուսական գաղութատիրության նրբերանգներն ու արցախահայության արդար պայքարը մի աջաբսանդալի մեջ խառնողը սենց նրբություններին ուշադրություն կդարձնի, թացն ու փափուկը իրար չի խառնի։

Էնպես որ տեքստի 5-րդ հոդվածից հետո ես դրան վերաբերվում եմ ոչ թե որպես պրոֆեսիոնալների կողմից գրված լուրջ ու հիմնարար փաստաթղթի, որով կարգավորվելու է մեր միասնական կյանքը, այլ ՀԺ-ում Նիկոլի հոդվածի նրա մասին, թե ոնց է ի՛նքը ուզում կարգավորվի մեր միասնական կյանքը։

Զգում եմ, որ ծանր է լինելու ավարտելը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment