Լրագրող Լիլիթ Աղեկյանը, որն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս բացահայտել էր Գյումրու Մուսայելյան 84 հասցեում գտնվող նախակրթարանի երկհարկանի շենքի՝ 35 տարի շարունակ ոստիկանական ընտանիքի կողմից զավթված լինելը, հայտնվել է աղմկոտ պատմությունների մեջ, ավելին՝ չգիտես ինչպես, տուժողից դարձել է մեղադրյալ։
Լիլիթ Աղեկյանի նկատմամբ հուլիսի 14-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որպես պատիժ սահմանել էր մեկ տարի ժամկետով ազատության սահմանափակում՝ առանց բնակության վայրի փոփոխության։
Աղեկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը բողոքարկել էր դատարանի որոշումը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։ Նոյեմբերի 6-ին այս դատարանի դատավոր Մակար Կիրակոսյանը որոշում է կայացրել, որով, սակայն, անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը, միայն թե չի բավարարել որպես պատիժ Լիլիթ Աղեկյանին երկու ամսով կալանավորելու պահանջը։
Լիլիթ Աղեկյանը գտնում է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանի կայացրած որոշումն ապօրինի է, դատարանում որևէ ձևով չի հիմնավորվել այն հանգամանքը, որ ինքը վիրավորել, արատավորել է ոստիկանության «Կումայրի» բաժնի այդ ժամանակվա ոստիկանապետի տեղակալ Սեթ Մելիքսեթյանի պատիվը, որը ոստիկանական մի մեծ խմբի ուղեկցությամբ իր՝ մանկապարտեզի շենքի մասին կատարած հետաքննության հետքերով ներխուժել էր իրենց բնակարան։
«Ես բացահայտել եմ, որ Գյումրու Մուսայելյան 8 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքը 35 տարի շարունակ օկուպացված է ոստիկանական ընտանիքի կողմից։ Բացահայտել եմ, որ այդ ընտանիքը երբևէ չի ունեցել անօթևանի կարգավիճակ․ հաշվառած չի եղել քաղաքապետարանում՝ անօթևանների կարգավիճակում, այսինքն՝ զավթել է զուտ իր ցանկությամբ։
Խոսքս Յաշա Պողոսյանի և նրա ոստիկան տղայի՝ Էդգար Պողոսյանի ընտանիքների մասին է, որոնք որ մի ամբողջ երկհարկանի մանկապարտեզ, որը որ պատկանում է գյումրեցի երեխաներին, զավթել են ու համառորեն դուրս չեն գալիս այդ շենքից։ Ոչ մի իշխանության օրոք, մարզային ու հանրապետության ոչ մի դատախազի օրոք այդ հարցը լուծում չի ստացել»,- ասում է Լիլիթ Աղեկյանը։
Նրա պատմելով՝ երբ ինքը բացահայտել է նաև, որ մանկապարտեզի առաջին հարկում ապօրինի բիստրո են բացել, այդտեղ ոստիկանական ընտանիքի իգական սեռի ներկայացուցիչների կողմից ենթարկվել է հարձակման։
Լիլիթ Աղեկյանի ներկայացմամբ՝ այս փաստով հարուցվել է քրեական վարույթ, և ինքը ճանաչվել է տուժող, սակայն որոշ ժամանակ անց դարձել է մեղադրյալ։ Բանն այն է, որ նախաքննական մարմինը նախաձեռնել է առերեսում այդ ընտանիքի անդամների հետ, որից ինքը հրաժարվել է՝ օրենքով սահմանված կարգով դիմում ներկայացնելով ու պատճառաբանելով՝ մինչև իր փաստաբանը ներկա չգտնվի, չի մասնակցի քննչական գործողությանը։ Փաստաբան Զարուհի Փոստանջյանն այդ ժամանակ եղել է արտերկրում։ Նախաքննական մարմինը դա հիմք չի ընդունել և 2024 թվականի օգոստոսի 22-ին ոստիկանական երկու բրիգադ՝ ոստիկանության «Կումայրի» բաժնի պետի տեղակալ Սեթ Մելիքսեթյանի գլխավորությամբ, ներխուժել են իրենց բնակարան ու փորձել բերման ենթարկել իրեն։
«Քաշքշել են, սպառնալիքներ հնչեցրել, ֆիզիկական ու բարոյական ճնշումներ գործադրել իմ ու մայրիկիս նկատմամբ մեր բնակարանի մեջ՝ տուժողի կարգավիճակ ունեցող հետաքննական լրագրողի նկատմամբ։ Մինչև իմ ու մայրիկիս ճնշումը չբարձրացավ, բժիշկը չֆիքսեց, որ այդ վիճակում անհնար է ինձ տեղափոխել քննչական մարմին, ոստիկանական խումբը մեր տանից չհեռացավ»,- ասում է Լիլիթ Աղեկյանը։
Այս դեպքից երկու օր անց փոխոստիկանապետ Սեթ Մելիքսեթյանը հաղորդում է ներկայացրել Լիլիթ Աղեկյանի դեմ՝ բողոքելով, որ նրանց տանը գտնվելու ժամանակ Աղեկյանն իրեն վիրավորել է, պատիվը արատավորել։
Քրեական վարույթ է նախաձեռնվել, Լիլիթ Աղեկյանին մեղադրանք է առաջադրվել, ու նա տուժողից փաստացի դարձել է մեղադրյալ։
«Անձը, որ հանրային շահն է հետապնդում, տուժողից դառնում է մեղադրյալ, շատ հետաքրքիր է»,- ասում է Լիլիթ Աղեկյանը։
Մեղադրանքն ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան, որի կայացրած որոշման հետ Լիլիթ Աղեկյանը համամիտ չէ․ նա գտնում է, որ իր նկատմամբ մեղադրանքը չեն կարողացել հիմնավորել, հետևաբար և դատարանը պարտավորվում էր իր նկատմամբ արդարացման վճիռ կայացնել։
«Ես դատարանում այդ փոխոստիկանապետին հարցրեցի՝ եթե վիրավորվել եք «Նիկոլի միլիցի» արտահայտությունից, կասե՞ք՝ ո՞րն է այդտեղ վիրավորանքը՝ Նիկոլ անո՞ւնն է վիրավորական ոստիկանի համար, թե՞ միլիցիան»,- պատմեց Լիլիթ Աղեկյանը։
Նա նաև ասաց, որ դատարան ներկայացած ոստիկաններից շատերը, որոնք եղել են իրենց տանը, խոստովանել են, որ իրենք բիրտ ուժ են գործադրել իր նկատմամբ իր իսկ բնակարանում։
Լիլիթ Աղեկյանը նաև նշում է, որ ինքը ոստիկանների բիրտ գործողությունների մասին հաղորդում է ներկայացրել, որին, սակայն, ընթացք չեն տվել, փոխարենը իր նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, ու այն հապշտապ ուղարկվել է դատարան, որտեղ և իրեն վերագրվող արարքը չի ապացուցվել։
Լիլիթ Աղեկյանը պատրաստվում է դիմել Վճռաբեկ դատարան, հարկ եղած դեպքում՝ ՄԻԵԴ։ Նա հայտարարում է, որ այս ամենը կապված է իր մասնագիտական գործունեության, ինչպես նաև օրվա իշխանությանն այլախոհ լինելու հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: