ՌԴ կառավարությունը սկսել է նախապատրաստվել Կալինինգրադի մարզի տրանսպորտային շրջափակմանը

Քաղաքականություն

23.11.2026 | 20:13

Ռուսաստանի իշխանությունները գրեթե 47 միլիարդ ռուբլի կծախսեն երկու երկաթուղային լաստանավերի կառուցման համար, որոնց միջոցով նախատեսվում է մատակարարումներ իրականացնել Կալինինգրադ, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, գրում է The Moscow Times-ը։

«Նախագահն ընդգծել է, որ Կալինինգրադի մարզն ունի առանձնահատուկ աշխարհագրական դիրք, այդ պատճառով որոշ երկրների անօրինական գործողությունները, լոգիստիկ շղթաների խաթարումը և տրանսպորտային շրջափակման փորձերը դժվարացնում են այնտեղ գործող ձեռնարկությունների աշխատանքը։ Տարածաշրջանին անհրաժեշտ ապրանքներ և հումք անխափան մատակարարելու համար արդեն կառուցվում են երկու նոր երկաթուղային լաստանավեր»,- ասել է Միշուստինը փոխվարչապետերի հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ։

Նրա խոսքով՝ լաստանավերը կկառուցվեն ռուսական նախագծով՝ տեղական նավաշինարանում, և կշահագործվեն Բալտիյսկ և Ուստ-Լուգա նավահանգիստների միջև գործող ծովային երթուղում, որը կապում է Կալինինգրադի և Լենինգրադի մարզերը։ Միաժամանակ, լաստանավերը ներառվել են Ազգային բարեկեցության հիմնադրամի միջոցներից ֆինանսավորում ստացող ենթակառուցվածքային նախագծերի ցանկում։ Դրանց կառուցման համար այդ հիմնադրամից կհատկացվի 38,1 միլիարդ ռուբլի, իսկ մնացած գումարը կտրամադրի դաշնային բյուջեն։

Շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև 2030 թվականը։ Կառավարությունում նշել են, որ լաստանավերը կօգնեն նվազեցնել ցամաքային տրանսպորտով տարանցիկ փոխադրումներից կախվածությունը և կբարելավեն Կալինինգրադի մարզի տրանսպորտային հասանելիությունը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Բալթյան երկրներում և մշակում Կալինինգրադի մարզի, այդ թվում՝ ծովային շրջափակման տարբերակները։ Դրանից հետո Մոսկվան ՆԱՏՕ-ին էր  ուղարկել ոչ հրապարակային ուղերձ՝ նախազգուշացնելով, որ պատրաստ է միջուկային զենք կիրառել, եթե ռազմական դաշինքը փորձի շրջափակել Կալինինգրադը։

«Սառը պատերազմից ի վեր առաջին անգամ է, որ Ռուսաստանը մեզ նման կերպ սպառնում է։ Ուստի սա լուրջ է»,- Reuters-ին ասել էր եվրոպական երկրներից մեկի պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը։

Հոկտեմբերի սկզբին Վլադիմիր Պուտինը բացահայտ հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից Կալինինգրադի վրա հարձակման դեպքում Մոսկվան պատրաստ կլինի կիրառել իր տրամադրության տակ եղած «բոլոր միջոցները», այդ թվում՝ միջուկային զենքը։

«Իհարկե, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան միջուկային տերություններ են, մենք դա շատ լավ հասկանում և գիտակցում ենք։ Սակայն այսօր Ռուսաստանն ունի ոչնչացման այնպիսի միջոցներ, որոնք ոչ ոք չունի»,- ասել էր Պուտինը։

Իր հերթին, դաշինքի ռազմական կոմիտեի ղեկավար Ջուզեպպե Դրագոնեն բացառել էր ՆԱՏՕ-ի՝ Կալինինգրադի մարզը շրջափակելու պլանները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment