Արփինե Հովհաննիսյան․ Նոր Սահմանադրությունը ներկայացվելու է որպես «խաղաղության Սահմանադրություն»

Սահմանադրության տեքստին ու դրա բոլոր դետալներին իրավական անդրադարձ կատարելու եմ տարբեր ձևաչափերով, որոնց մասին առաջիկայում կիրազեկեմ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Այս պահի համար. եթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի երեք հիմնական սյուներն են։

Առաջին՝ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ։ Նոր Սահմանադրությունը ներկայացվելու է որպես «խաղաղության Սահմանադրություն», որի ընդունումը կապվելու է խաղաղության հաստատման, պետականության հարատևության և երկրի ապագայի հետ։

Երկրորդ՝ ԸՆՏՐԱԿԱՆ և ՎԱՐՉԱԿԱՆ։ Ընտրական ցուցակների այսպես կոչված մաքրում, ընտրելու իրավունք ունեցող անձանց շրջանակի սահմանափակումներ և այլ մեխանիզմներ, որոնք կարող են ազդել հանրաքվեին մասնակցության ցուցանիշների և անհրաժեշտ ձայների շեմի ապահովման վրա։

Երրորդ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ։ Ընդդիմության վերջնական ապալեգիտիմացում, շարունակական թիրախավորում, ֆինանսավորման աղբյուրներից զրկում և քաղաքական մրցակցության հնարավորությունների առավելագույն սահմանափակում»,–գրել է Հովհաննիսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ նոյեմբերի 23–ին, հրապարակվել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով։

Կայքում առանձնացված բաժնում ներկայացվում է , թե ինչ նոր կետեր ունի նոր Սահմանադրությունը։

NEWS.am

Leave a comment