Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը պայմաններ կստեղծի տարածաշրջանում իտալական ներդրումների ծավալի ավելացման․ Իտալիայի ԱԳ նախարար

Քաղաքականություն

23.11.2026 | 15:52

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը պայմաններ կստեղծի տարածաշրջանում իտալական ներդրումների ծավալն ավելացնելու համար։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Անտոնիո Տայանին Բաքվում լրագրողների հետ ճեպազրույցում։

«Խաղաղությունը ընտրություն է, որը ճանապարհ է բացում նոր ներդրումների համար։ Մեզ անհրաժեշտ են երկրներ, որոնք աշխատում են հանուն խաղաղության՝ աշխարհի այս հատվածում տիրող բարդ պայմաններում»,- ընդգծել է Տայանին։

Իտալիայի նախարարը նաև անդրադարձել է Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության առաջնահերթ ուղղություններին։ Նա նշել է էներգետիկան, մասնավորապես՝ նավթագազային ոլորտը, կրիտիկական հումքային նյութերը, ենթակառուցվածքները, տրանսպորտն ու լոգիստիկան, առաջատար արդյունաբերությունը, թվային տեխնոլոգիաները և վերականգնվող էներգետիկան։

Տայանին հայտարարել է, որ Ադրբեջանը Իտալիայի մտերիմ բարեկամն ու ռազմավարական գործընկերն է։ Նպատակն է ընդլայնել երկու երկրների տնտեսական կապերը՝ նաև էներգետիկ ոլորտից դուրս։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment