10 հազար դրա՞մն է փրկել մարդու կյանքը. Երևանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է շորթման կասկածանքով

Անցել էր Հաղթանակի կամրջի արգելապատնեշը և 10 հազար դրամ ստանալուց հետո վերադարձել անվտանգ հատված


ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 21-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ մի տղամարդ անցել է Երևանի Հաղթանակի կամրջի արգելապատնեշը և գտնվում է վտանգավոր հատվածում, հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։


Ահազանգով դեպքի վայր մեկնած Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ տղամարդը Արտաշատ քաղաքի 44-ամյա բնակիչ է։


Պարզվել է նաև, որ 24-ամյա մի երիտասարդ, նկատելով կամրջի արգելապատնեշն անցած տղամարդուն, մոտեցել և զրուցել է նրա հետ, այնուհետև փոխանցել 10 հազար դրամ, ինչից հետո 44-ամյա տղամարդը վերադարձել է հետիոտների համար նախատեսված անվտանգ հատված։


44-ամյա տղամարդը շորթում կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին։


Նա ոստիկաններին հայտնել է, որ կյանքին վերջ տալու մտադրություն չի ունեցել, այլ ֆինանսական խնդիրներ ունի։


Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։



Կարդացեք նաև. Արտաշատի խճուղում վառելիքաքսուկային նյութեր տեղափոխող գնացքի վագոն է շրջվել


Leave a comment