Տեղական ընկերություններն առաջին անգամ ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա են ստացել․ նախարար

Տեղական ռազմարդյունաբերական ընկերություններն առաջին անգամ ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա են ստացել: Այս մասին փետրվարի 16-ի ասուլիսի ժամանակ հայտարարել է  բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Ըստ նախարարի, սա բացառիկ է, քանի որ նախկինում հայկական ընկերությունները կենտրոնացած են եղել բացառապես սեփական զինված ուժերի կարիքների բավարարման վրա: 

Հայրապետյանը նշել է, որ 2023-2025-ի ընթացքում ՀՀ կառավարությունը ռազմարդյունաբերական համալիրին շուրջ 172 մլրդ դրամի պետական պատվեր է հատկացրել, ինչը թույլ է տվել առաջատար ընկերություններին մեծացնել իրենց արտադրական և տեխնոլոգիական հզորությունները:

«Մի քանի ընկերություն տեսավ այդ հնարավորությունը, կարողացավ գրագետ կերպով բանակցություններ վարել և գտնել իր համար շուկաներ»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ արտահանման թույլտվությունները տրվել են քաղաքական և տնտեսական բոլոր ռիսկերի գնահատումից հետո: 

Նա ընդգծել է, որ ռազմարդյունաբերությունը դիտարկվում է որպես տնտեսության կարևորագույն սեգմենտ և արտահանելի ճյուղ։  Անվտանգային նկատառումներից ելնելով նախարարը զերծ է մնացել արտահանվող արտադրատեսակների և ուղղությունների վերաբերյալ մանրամասներ հայտնելուց: 

Ըստ նախարարի՝ այն, ինչ հնարավոր է դարձել 2025-ին, իրագործելի չէր նախորդ տարիներին, քանի որ ինդուստրիան ընդամենը մի քանի տարվա պատմություն ունի և անցնում է բնականոն զարգացման ճանապարհ։

Անդրադառնալով ամերիկյան Shield AI ընկերությունից V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքերի ձեռքբերմանը՝ Մխիթար Հայրապետյանը պարզաբանել է, որ հայկական ընկերությունները նմանատիպ տեխնոլոգիական լուծումներով արտադրանք դեռևս չեն առաջարկում: Նախարարը փաստել է, որ եթե տեղական արտադրողներն ունենային համապատասխան մրցունակ պրոդուկտ, ապա ներմուծման հարց չէր առաջանա, քանի որ իր գլխավորած գերատեսչության մանդատը հենց տեղական արտադրանքի խրախուսումն է։ 

«Պետք է ադեկվատ և առողջ դատենք, գնահատենք մեր սեփական կարողությունները՝ ընդունելով, որ մենք դեռևս երկար ճանապարհ ունենք անցնելու աշխարհում մրցունակ պրոդուկտներ արտադրելու համար»,- ասել է նա:

ԱՄՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարեց Հայաստանին ռազմական տեխնոլոգիաների խոշոր վաճառքի մասին։ Խոսքը գնում է 11 միլիոն դոլարի՝ ուղղահայաց թռիչք և վայրէջք իրականացնող հետախուզական V-BAT անօդաչու թռչող սարքերի մատակարարման մասին։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Երևանում փետրվարի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների արդյունքներով։

Հայրապետյանի փոխանցմամբ՝ Shield AI-ի հետ համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համար՝ զարգացնելու երկխոսությունը գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման, ինչպես նաև համատեղ հետազոտական աշխատանքների շուրջ: Նախարարի խոսքով՝ ամերիկյան ԱԹՍ-ների ձեռքբերման որոշումը կարևորագույն քայլ էր թե՛ Հայաստանի զինված ուժերի կարիքների համալրման, և թե՛ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական համագործակցության տեսանկյունից, քանի որ ներքին արտադրությամբ տվյալ տեխնիկական պահանջը բավարարելն այս պահին ուղղակի հնարավոր չէր:

The post Տեղական ընկերություններն առաջին անգամ ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա են ստացել․ նախարար appeared first on CIVILNET.

Leave a comment