Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ համաձայն չէ, թեպետ հաճախ ներկայանում է որպես ժողովրդավարության անխոնջ ջատագով պաշտպան։
Հարյուրավոր օրենքներ, այդ թվում՝ Սահմանադրության բազմաթիվ դրույթներ խախտելուց զատ, Փաշինյանը հրահանգել է անվտանգության աշխատակիցներին ձերբակալել Ֆեյսբուքում իրեն քննադատողներին։ Իսկ արտերկրում նմանատիպ մեկնաբանություններ անող օտարերկրացիները կարող են ներառվել իշխանությունների «սև ցուցակում»՝ զրկվելով Հայաստան մուտք գործելու հնարավորությունից կամ ձերբակալվել երկիր ժամանելուն պես։
Ահա թե տեղի ունեցավ Լոս Անջելեսում բնակվող Անուշ Հաջյանի հետ, որը Հայաստանի քաղաքացի չէ, այլ Միացյալ Նահանգների։ 2025 թվականի ապրիլի 24-ին Անուշն իր ֆեյսբուքյան էջում կիսվել էր Փաշինյանին քննադատող մեկ ուրիշի գրառմամբ՝ ավելացնելով իր մեկնաբանությունը. «Սատկացնե՛լ թրքահպատակ նիկոլաթայֆին»։
Անուշի կոշտ խոսքերը զգացմունքային պոռթկում էին՝ ի պատասխան Փաշինյանի կողմից Հայոց ցեղասպանության փաստերը կասկածի տակ դնելուն։ Սակայն շատ ավելի դատապարտելի է, երբ հենց վարչապետն է լկտի բռնության կոչեր է անում իր քաղաքական հակառակորդների հասցեին։ Այնուամենայնիվ, Հայաստանում ոչ մի դատավոր չի համարձակվում նրան պատասխանատվության ենթարկել իր թույլ տված խախտումների համար։
Ավելի քան մեկ տարի անց՝ 2026 թվականի հունիսի 13-ին, Հայաստան ժամանելուն պես Երևանի օդանավակայանում Անուշին ձերբակալեցին՝ առանց որևէ բացատրության։ Նրան տեղափոխեցին Երևան քաղաքի ոստիկանության բաժիններից մեկը, որտեղ նրան պահեցին ութ ժամ, ապա ազատ արձակեցին՝ մինչև դատաքննության ավարտը։ Միևնույն ժամանակ, նրա նկատմամբ կիրառվեց երկիրը լքելու արգելք։
Լինելով ԱՄՆ քաղաքացի՝ Անուշն աջակցություն ստանալու նպատակով դիմեց Երևանում ԱՄՆ դեսպանատուն։ Սակայն դեսպանատան աշխատակիցը սահմանափակվեց միայն տեղացի փաստաբանների ցանկ տրամադրելով։ Կարծում եմ՝ աշխատակիցը պատշաճ օգնություն չի ցուցաբերել։ Դեսպանատունը պետք է հետաքրքրվեր Անուշի վիճակով և ջանքեր գործադրեր՝ որպես ԱՄՆ քաղաքացի նրա իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար։
Անուշն ինքնուրույն տեղացի փաստաբան վարձեց և շուրջ երկու ամիս անց կանգնեց դատարանի առջև։ Նրա պարտադրում էին ընդունել մեղադրանքը՝ 2025 թվականին Ֆեյսբուքում կատարած գրառման համար․ փաստաբանը նույնպես խորհուրդ տվեց ենթարկվել։ Նրա նկատմամբ նշանակվեց տուգանք՝ 2000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով, չհաշված փաստաբանական ծառայությունների համար վճարված հազարավոր դոլարները։
Անուշը նույն օրը վճարեց տուգանքը, ստացավ անդորրագիրը, և նրան տեղեկացրեցին, որ կարող է անարգել հեռանալ երկրից։ Այդուհանդերձ, երբ նա փորձեց ավտոմեքենայով անցնել Վրաստան, Հայաստանի սահմանապահ ծառայությունը կանգնեցրեց նրան՝ թույլ չտալով շարունակել ճանապարհը, անգամ երբ նա ցույց տվեց դատարանի տրամադրած ազատման փաստաթուղթը։ Տեղի ոստիկանության բաժնում շուրջ երկու ժամ պահելուց հետո միայն նրան թույլ տվեցին հատել Վրաստանի սահմանը։
Իսկապես զարմանալին այն է, որ պետական պաշտոնյաները, ըստ ամենայնի, վերահսկում են Հայաստանի և Սփյուռքի բազմաթիվ հայերի ֆեյսբուքյան էջերը՝ Փաշինյանի հասցեին հնչող քննադատական մեկնաբանություններ հայտնաբերելու և դրանց հեղինակներին հետապնդման ենթարկելու նպատակով։ Կարելի էր ենթադրել, որ կառավարությունն ավելի հրատապ խնդիրներ ունի լուծելու, քան մարդկանց ֆեյսբուքյան էջերին հետևելը։
Անուշի բախտը բերեց, որ չհայտնվեց բանտում։ Սակայն բազմաթիվ այլ անձինք ձերբակալվել են ֆեյսբուքյան գրառումների պատճառով։ Ստորև ներկայացված են մի քանի օրինակներ․
Փաշինյանի հայտնի քննադատ Արթուր Դանիելյանը ձերբակալվեց անցյալ շաբաթ՝ Ֆեյսբուքում նրան «վիժվածք» անվանելուց ընդամենը ժամեր անց։
Դրամատուրգ Վահրամ Սահակյանը ձերբակալվեց սեպտեմբերի 29-ին․ նրան մեղադրանք առաջադրվեց 2025 թվականի հունվարին կատարած ֆեյսբուքյան գրառմամբ «ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք» հրահրելու համար։ Նրա նկատմամբ սահմանվեց վարչական վերահսկողություն, և նա ազատ արձակվեց՝ Ֆեյսբուքում գրառումներ անելուց ձեռնպահ մնալու պայմանով։
Արտակ Ավետիսյանն արդարացվեց անցյալ ամիս՝ մայիսին ձերբակալվելուց հետո։ Սկզբում նրան «Ատելության խոսքի» մեղադրանք էր առաջադրվել, որն ավելի ուշ փոխարինվեց ծանրացուցիչ հանգամանքներով «խուլիգանության» հոդվածով։ Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում նա Ֆեյսբուքում կոշտ քննադատության էր ենթարկել Փաշինյանին։
Փետրվարին ձերբակալվեց և խուլիգանության մեջ մեղադրվեց ևս մեկ ընդդիմախոս՝ TikTok-ում Փաշինյանի վերաբերյալ վիրավորական տեսանյութ հրապարակելուց երկու ամիս անց։ Մոտավորապես նույն ժամանակահատվածում քրեական հետապնդման ենթարկվեց Ախուրյանից 55-ամյա մի կին՝ առցանց մասնավոր հաղորդագրության մեջ վարչապետի և նրա ընտանիքի հասցեին, ըստ տեղեկությունների, արհամարհական արտահայտություններ թույլ տալու համար։
Հայաստանցի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ձերբակալվեց 2025 թվականին՝ սոցիալական ցանցում իրավապահ և դատական համակարգի պաշտոնյաներին քննադատող գրառում անելուց հետո։ Արցախցի Գայանե Մեսրոպյանը ձերբակալվեց 2026 թվականի մարտին՝ Փաշինյանին քննադատող ֆեյսբուքյան գրառման պատճառով։ Մինչդեռ արցախահայերի հասցեին ուղղված վիրավորական մեկնաբանություններ պարունակող ավելի քան 1000 գրառում այդպես էլ չի հետաքննվել իշխանությունների կողմից։
Հոկտեմբերի 1-ին ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը, որը հայտնի է իր կտրուկ հայտարարություններով, դատապարտվեց երկու տարվա պայմանական ազատազրկման՝ Սահմանադրական դատարանի՝ երկու տարի առաջ կայացրած որոշումը խստորեն քննադատելու համար։ Երևանի դատարանը նրան մեղավոր ճանաչեց դատավորների վերաբերյալ «զրպարտչական տեղեկություններ» տարածելու մեջ։ Նրա քույրը՝ Լիլիթ Ղազարյանը, ղեկավարի պահանջով ստիպված եղավ հրաժարական տալ՝ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենի տեղակալի պաշտոնում 22 տարի աշխատելուց հետո։
Նույնիսկ դասախոսներեն են կորցրել իրենց աշխատանքը՝ Փաշինյանին քննադատելու պատճառով։ Հուլիսին աշխատանքից ազատվեց ընդդիմադիր հայացքներով հայտնի իրավաբան Ռուբեն Մելիքյանը, որը 23 տարի իրավագիտություն էր դասավանդում Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ)։ Նույն ամսին աշխատանքից զրկվել են նաև ԵՊՀ դասախոսներ Ալեն Ղուլյանն ու Շուշան Վարդանյանը, որոնք սատարում էին ընդդիմությանը։
Մինչդեռ Փաշինյանի կողմնակիցները պաշտպանված են քրեական հետապնդումից։ Այս տարվա սկզբին մի տղամարդ լրատվամիջոցներով հայտարարել էր, թե պետք է «մի քար խփել գլխին և սատկացնել» Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Նրա դեմ որևէ քրեական գործ չհարուցվեց։
2023 թվականին Ազգային ժողովի այն ժամանակվա նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանում թքեց իրեն քննադատած կանադահայի դեմքին։ Մինչդեռ ոստիկանությունը բերման ենթարկեց ոչ թե Սիմոնյանին, այլ տուժողին։
Երևանի մամուլի ակումբի նախագահ Արթուր Պապյանը Հայաստանի իշխանություններին մեղադրել է «հասարակությանը վախեցնելու և այլակարծությունը լռեցնելու համակարգված գործողության» համար։ Նա նաև դատապարտել է այն փաստը, որ «ընդդիմադիրների նկատմամբ հնչող բացահայտ սպառնալիքներն ու ատելության խոսքը մնում են բացարձակ անպատիժ»։
Հարութ Սասունյան
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: