Ֆրանսիան չի աջակցել Եվրոպական խորհրդի ղեկավարի ներկայացրած՝ Եվրամիության 2028-2034 թվականների բյուջեի նախագծին և դժգոհություն է հայտնել դրա ֆինանսավորման մոտեցումներից։ Այս մասին հայտնում է Agence France-Presse (AFP) գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատի հայտարարությանը։
«ԵՄ հաջորդ բազմամյա բյուջեի շուրջ բանակցությունների նոր ծրագիրը մեծ հիասթափություն է առաջացնում։ Այն չի համապատասխանում ակնկալիքներին, մասնավորապես՝ ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականության և, առաջին հերթին, ֆերմերների եկամուտների սուբսիդավորման ապահովման հարցերում», – Ելիսեյան պալատի ներկայացուցիչը նաև նշել է, որ ներկայիս տեսքով այս նախագիծը «համաձայնության հիմք չէ»։
Շաբաթ օրը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան ԵՄ անդամ պետություններին է ուղարկել Եվրամիության 2028-2034 թվականների յոթնամյա բյուջեի նախագծի փոխզիջումային տարբերակը։ Փաստաթղթի շուրջ տարաձայնությունները կքննարկվեն նոյեմբերի 26-27-ը կայանալիք ԵՄ արտահերթ գագաթնաժողովում։
Կոշտան ծրագրի պարամետրերը պաշտոնապես չի հրապարակել, սակայն հույս է հայտնել, որ առաջարկը կօգնի ԵՄ երկրներին մոտենալ վերջնական համաձայնության։ AFP-ի տեղեկություններով՝ Կոշտան սկզբնապես նախատեսված ծախսերի ծավալը կրճատել է 204 մլրդ եվրոյով և առաջարկել խոշոր թվային ընկերությունների համար նոր հարկ սահմանել։
Եվրահանձնաժողովը պնդում է, որ կազմակերպության յոթնամյա բյուջեն պետք է կազմի 2 տրլն եվրո՝ ԵՄ ընդհանուր ՀՆԱ-ի 1.26%-ը։ Այս առաջարկին աջակցում են բյուջեից սուբսիդիաներ ստացող երկրները։ Մինչդեռ դոնոր պետությունները պահանջում են այդ գումարը կրճատել 13%-ով։
Բյուջեի միջոցների բաշխման հարցում լուրջ տարաձայնությունները պահպանվում են, սակայն ռազմական ծախսերը տասնապատկելու առաջարկին ոչ ոք դեմ չէ։ Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը պահանջել էր ծրագրում ներառել մինչև 2034 թվականը Ուկրաինայի ֆինանսավորման մեխանիզմ՝ հակառակ դեպքում սպառնալով արգելափակել ամբողջ նախագիծը։