Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ Լիբիայի Բենղազի նավահանգստում ռուսական ռազմանավը ուկրաինական զինված ուժերի հարձակման է ենթարկվել։ Հարձակման մասին հայտնի էր դարձել նախորդ օրը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Ամեն ինչ տեղի է ունեցել Լիբիայի ափերի մոտ։ Մեր զինվորականներն օգտագործել են ուկրաինական արտադրության յոթ ծովային անօդաչու սարք։ Չնայած հակառակորդի դիմակայելու բոլոր փորձերին՝ ռուսական «Մերկուրի» կորվետը խորտակվել է»,- հայտարարել է Զելենսկին տելեգրամում։
Ուկրաինայի նախագահն այն անվանել է Ռուսաստանի նորագույն ռազմանավերից մեկը։
«Այն զինված ուժերի սպառազինության մեջ է ընդգրկվել արդեն լայնածավալ պատերազմի ընթացքում՝ 2023 թվականին»,- գրել է Զելենսկին։
Նրա պնդմամբ՝ կորվետի հետ ոչնչացվել է նաև Ка-27 մարտական ուղղաթիռը։
«Մեր երկրորդ թիրախը ռուսական MV ANGARA չոր բեռնատար նավն էր»,- հավելել է Ուկրաինայի նախագահը՝ պնդելով, որ նավն օգտագործվել է զենքի տեղափոխման համար։
Լիբիայի արևելքում տեղակայված և Մոսկվայի հետ համագործակցող կառավարության հայտարարության մեջ նշվել է, որ կիրակի Բենղազիի ռազմածովային բազայում պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել։ Հայտարարության համաձայն՝ ռուսական նավը Լիբիայի ռազմածովային բազա էր ժամանել՝ Ռուսաստանի հետ համագործակցության համաձայնագրի շրջանակում վառելիքի լիցքավորման և պաշարներ համալրելու նպատակով։
Associated Press-ի հետ զրույցում լիբիացի ռազմական աղբյուրները հայտնել են, որ հարձակման հետևանքով ռուսական «Մերկուրի» ռազմանավը լուրջ վնասներ է կրել, իսկ բազայի տարածքում հրդեհ է բռնկվել։
«Հետաքննության նախնական արդյունքների համաձայն՝ նավի ուղղությամբ արձակվել են մի քանի ուկրաինական ծովային անօդաչու սարքեր, որոնք գործել են Լիբիայի արևմտյան հատվածում ուկրաինական ուժերի վերահսկողության տակ գտնվող բազայից»,- հաղորդել է լրատվամիջոցը։
Լիբիայի ազգային բանակի ներկայացուցիչների՝ Associated Press-ին տրամադրած տեղեկությունների համաձայն՝ առնվազն չորս անօդաչու սարք ոչնչացվել է, իսկ երկուսը խոցել են ռազմանավը։
2011 թվականից Լիբիան շարունակում է պառակտված մնալ։ Երկրի արևմտյան հատվածում գործող կառավարությունն իր մտահոգությունն է հայտնել՝ կապված «լիբիական նավահանգիստներն ու քաղաքացիական օբյեկտներն արտաքին հակամարտությունների մեջ ներքաշելու» հետ։ Ըստ Associated Press-ի՝ լիբիական աղբյուրներն ավելի վաղ հայտնել էին, որ մարտին Լիբիայի արևմտյան հատվածում գործող ուկրաինական ուժերը գաղտնի համաձայնագրի շրջանակում հարված են հասցրել ռուսական լցանավին Միջերկրական ծովում՝ Մալթայի տարածքային ջրերի մերձակայքում։
Աղբյուրների փոխանցմամբ՝ ուկրաինացի մասնագետները, հիմնականում՝ անօդաչու թռչող սարքերի շահագործման փորձագետները, տեղակայված են եղել ափամերձ Միսրաթա քաղաքի ավիաբազայում, ինչպես նաև Տրիպոլիի և ափամերձ Ազ-Զավիա քաղաքի ռազմական օբյեկտներում։
Հավելենք, որ Բենղազիի նավահանգստում ռուսական «Մերկուրի»-ի վրա տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով զոհեր կան։ Այս մասին հաղորդել է Al Jazeera-ն։ Նշվում է, որ նրանք Ռուսաստանի և Լիբիայի քաղաքացիներ են։ Զոհերի թիվը չի հստակեցվում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի