Եվրոպական միությունը մերժել է Թուրքիայում ընթացող ՄԱԿ-ի կլիմայական համաժողովի (COP31) եզրափակիչ հռչակագրի վերջին նախագիծը՝ պատճառաբանելով, որ փաստաթղթում հստակորեն նշված չեն հանածո վառելիքներըԼ
Սա ուժեղացրել է մտավախությունները, որ գագաթնաժողովի մասնակիցները կարող են չկարողանալ համաձայնության գալ գլոբալ տաքացման դեմ պայքարի հավաքական ծրագրի շուրջ։
«Անընդունելի է, որ կլիմայական գործողություններին վերաբերող փաստաթղթում ոչ մի հիշատակում չկա հանածո վառելիքների կամ դրանց օգտագործումից հրաժարվելու մասին», — հայտարարել է Իռլանդիայի կլիմայի հարցերով նախարար Դարա Օ’Բրայենը (ում երկիրը ներկայումս նախագահում է ԵՄ խորհուրդը)՝ բացատրելով, թե ինչու է Եվրոպական միությունը կտրականապես դեմ առաջարկված տեքստին։
Մոտ 200 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցություններն Անթալիայում մեկնարկել են մոտ երկու շաբաթ առաջ։ Բանավեճի առանցքային կետերից են էլեկտրիֆիկացման արագացման նպատակը և զարգացող երկրներին խոստացված ֆինանսական օգնության տրամադրումը։
Դժգոհությունն ավելի է սրվել հինգշաբթի օրը հրապարակված հռչակագրի նախագծից հետո, որում բացակայել է որևէ հիշատակում հանածո վառելիքների (նավթ, գազ և ածուխ) մասին, որոնց այրումը կլիմայի փոփոխության հիմնական պատճառն է։ Փաստաթղթի հաջորդող տարբերակներում ևս նման հիշատակում չի եղել։ Դրա փոխարեն, վերջին նախագծում միայն հղում է արվում 2023 թվականին Դուբայում կայացած կլիմայական գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնությանը, որով երկրները պարտավորվել էին հրաժարվել հանածո վառելիքների օգտագործումից։
Նավթ արտադրող երկրները, օրինակ՝ Սաուդյան Արաբիան, դեմ են ավելի հստակ պարտավորությունների ներառմանը։ Մինչդեռ ԵՄ-ն և դաշնակիցների մի խումբ՝ ներառյալ փոքր կղզի-պետությունները, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրները, ինչպես նաև աշխարհի ամենաքիչ զարգացած երկրները, պահանջում են կլիմայական ավելի հավակնոտ գործողություններ։ Այս խումբը միավորում է ավելի քան 130 պետություն՝ կազմելով համաժողովի մասնակիցների հստակ մեծամասնությունը։