ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկայացրեց նոր Սահմանադրությունը։ Այն ներկայացված է առանձին կայքում։
Նախագծում, ինչպես և սպասվում էր, չկա Անկախության հռչակագրին հղում։ Փոխարենը նոր Սահմանադրությունը սկսվում է պայմանավորվածությամբ։ Մասնավորապես նախաբանում նշված է․ «Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, հանուն մեր պետականության հարատևության ու զարգացման, առաջնորդվելով մեր միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ, բարեկեցիկ պետություն կառուցելու առաքելությամբ և այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու հանձնառությամբ, ընդունում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Սահմանադրությունը մեր հավաքական պայմանավորվածությունն է Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին»։
Առանցքային է այն, որ նոր սահմանադրությամբ փոխվում է Սահմանադրության կամ դրա նախագիծը հանրաքվեի դնելու համար ԱԺ-ից պահանջվող ձայների շեմը։ Հոդված 39. «Օրենքների, Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների և ուղերձների ընդունումը» վերնագրով հոդված 39-ում այդ շեմը սահմանվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը, մինչդեռ գործող սահմանադրությամբ առնվազն երկու երրորդն է։ Մասնավորապես նշված է․ «Ազգային ժողովի կանոնակարգը, Ընտրական օրենսգիրքը, Դատական օրենսգիրքը, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը, «Հանրաքվեի մասին» օրենքը, «Կուսակցությունների մասին» օրենքը, «Մարդու իրավունքների հանձնակատարի մասին» օրենքը, «Ռազմական դրության մասին» օրենքը և «Արտակարգ դրության մասին» օրենքը սահմանադրական օրենքներն են և ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով»։
Այսինքն՝ եթե ըստ նոր Սահմանադրության ԱԺ-ն կազմված է լինելու առնվազն 101 պատգամավորից (Հոդված 30), ապա 60 կամ 61 պատգամավորի կողմ քվեարկելու դեպքում կարող է Սահմանադրության նախագիծը դրվել հանրաքվեի, կամ եթե ԱԺ-ի պատգամավորների թիվը 105 է լինում, ինչպես հիմա, անհրաժեշտ է լինելու 63 պատգամավորի կողմ քվեարկություն, մինչդեռ այժմ անհրաժեշտ է 70 պատգամավորի ձայն։ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով չունենալով սահմանադրական մեծամասնություն՝ այժմ ՔՊ-ին անհրաժեշտ է ընդդիմության 6 պատգամավորի դրական քվեարկություն, որպեսզի ներկայացված նախագիծը դրվի հանրաքվեի։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: