Առերեսվելով հետպատերազմյան ծանրագույն կորուստներին, ազգային ցավին և պետականության առջև ծառացած գոյաբանական մարտահրավերներին,
գնահատելով Հայաստանի Հանրապետության շուրջ և աշխարհում ձևավորված բարդ ու անկայուն աշխարհաքաղաքական իրողությունները, հարևան պետությունների հետ բարիդրացիական և արժանապատիվ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունը,
գիտակցելով ներհասարակական պառակտվածության և բևեռացվածության կործանարար բնույթը, ինչպես նաև ներքին համերաշխության, հաշտության ու փոխվստահության վերականգնման անհրաժեշտությունը,
արձանագրելով, որ առկա սահմանադրական կարգավորումները վտանգում են իշխանության փոփոխելիությունը, թույլ են տալիս շրջանցել կամ նեղ իշխանական շահերին հարմարեցնել զսպումների և հակակշիռների սկզբունքները՝ հանգեցնելով իշխանության կենտրոնացման, մենաշնորհացման և միահեծան իշխանության հաստատման,
վերահաստատելով, որ Հայաստանի Հանրապետության հիմնական օրենքի ձևավորումն ու ընդունումը չի կարող ենթարկվել արտաքին որևէ թելադրանքի, ճնշման կամ աշխարհաքաղաքական առևտրի, այլ պետք է բխի բացառապես մեր ժողովրդի ազատ և անկաշկանդ կամարտահայտությունից,
ընդունելով, որ նոր Սահմանադրության մշակումը ոչ թե քաղաքական նպատակահարմարություն է կամ օրվա իշխանության օրակարգ, այլ խորքային հանրային պատվեր՝ միտված արդար, կայուն և անվտանգ ապագայի կերտմանը,
«Հանրային դաշինք» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է գալիս ՀՀ նոր Սահմանադրության հայեցակարգային սկզբունքների հավաքագրման և մշակման միասնական հարթակի ստեղծման առաջարկով՝ ազդարարելով հանդիպումների, քննարկումների և կառուցողական բանավեճերի շարքի մեկնարկը, որոնց առանցքում լինելու է զսպումների և հակակշիռների խաթարման, իշխանության մենաշնորհացման և միահեծան կառավարման ռիսկերի վերացման ու իշխանության փոփոխելիության երաշխավորման դրույթների սահմանումը։
Զուգահեռաբար, նախաձեռնությունը մշակել է սահմանադրաիրավական ուղենշային առաջարկությունների փաթեթ՝ միտված իրական հանրային պատվերի վրա խարսխված նոր Սահմանադրության տեքստի մշակմանը։
«Հանրային դաշինք» քաղաքացիական նախաձեռնություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: