Աշխարհի առաջատար բուհերում սովորողների զnրակոչի տարիքային շեմը կսահմանվի 32 տարեկան․ ԱԺ-ն քննարկել է նախագիծը

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Շանհայի վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակի համալսարաններում սովորողների զորակոչի տարիքային շեմը փոփոխել։ Առաջարկվում է միայն այս խմբի քաղաքացիների համար զինծառայության տարիքային վերին շեմը 27 տարեկանի փոխարեն սահմանել 32 տարեկան։

 

 

Հիմնական զեկուցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն իր ելույթում նշել է, որ ներկայացվող նախագիծը լրացնում է բարձր որակավորում ունեցող քաղաքացիների մասնագիտական ներուժն ու գիտելիքները մեր երկրի զարգացմանը ծառայեցնելու Կառավարության քաղաքականությունը։

 

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ դեռևս նախորդ տարի կատարված օրենսդրական նախորդ փոփոխությունների և Կառավարության համապատասխան որոշումների ընդունման արդյունքում այս տարվա հոկտեմբերի 1-ից վերը նշված ցանկի վարկանիշային համալսարաններում ուսումնառությունն ավարտած քաղաքացիներն արդեն իսկ կարողանում են դիմել և աշխատանքի անցնել սահմանված պայմաններով։ Կառավարության որոշմամբ գերակա համարվող ոլորտներում (հանրային կառավարում, կրթություն և գիտություն, ռազմարդյունաբերություն, բարձր տեխնոլոգիաներ, արդյունաբերություն՝ ներառյալ գյուղմթերքի արտադրություն, հանքարդյունաբերություն, էներգետիկա, ինչպես նաև առողջապահություն և ֆինանսներ) առնվազն 3 տարի աշխատելու դեպքում, նրանք կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։

 

«Ներկայում այդ իրավունքն ունեցող շուրջ 40 քաղաքացիներից 21-ն արդեն դիմել են ծրագրից օգտվելու համար։ Սա վկայում է առաջարկված մոտեցումների կենսունակության մասին, ինչը թույլ է տալիս հեղինակավոր բուհերի շրջանավարտների մասնագիտական կարողություններն ու փորձը ներգրավել տարբեր ոլորտների զարգացման գործում։ Միևնույն ժամանակ, գործընթացի իրականացման ընթացքում ի հայտ են եկել կարգավորման ենթակա որոշակի խնդիրներ։ Մասնավորապես՝ գործող օրենքով զորակոչի վերին տարիքային շեմը սահմանված է 27 տարեկանը։ Արդյունքում` այն քաղաքացիները, որոնք սովորում են ասպիրանտուրայում կամ մագիստրատուրայում, ավարտելուց հետո չեն կարողանում օգտվել աշխատանքային տարկետման այս հնարավորությունից»,- նշել է նախարարը։

 

Հաշվի առնելով խնդիրը՝ նախագծով առաջարկվում է օրենքում կատարել լրացում՝ բացառապես Շանհայի վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակի համալսարաններում  սովորող քաղաքացիների համար տարկետման վերին տարիքային շեմը սահմանելով մինչև 32 տարեկանը։ Այս փոփոխությունը հնարավորություն կտա կրթական տարբեր աստիճաններ ավարտած մասնագետներին լիարժեք ներգրավվելու ծրագրում և աշխատանքային գործունեություն ծավալելու պետության համար գերակա և առաջնահերթ ոլորտներում։

Leave a comment