«Կոնկրետ վարչական շրջաններ և կոնկրետ հատվածներ կարող են մտնել եվրո-4 ստանդարտի ավտոմեքենաներ և բոլոր մնացյալ ավտոմեքենաների համար գործելու է հավելյալ սահմանափակում»,- այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Այն, որ քաղաքային իշխանությունը մտադիր է մայրաքաղաքի կենտրոն մտնող մեքենաների համար սահամափակումներ դնել՝ վաղուց է խոսվում։ Բայց հանարայինի եթերում քաղաքապետը որոշ փակագծեր բացեց։
«Կարող է այդ վարչական շրջան մտնի մեքենան, եթե դա հրատապ է և պետք է մտնես, բայց դրա համար գործելու են այլ կանոններ»,- ասաց Ավինյանը՝ ընդգծելով հնարավոր ֆինանսական բեռի մասին։
Քաղաքապետը որպես հիմնավորում բերում է բնապահպանական ու առողջապահական խնդիրների դեմ պայքարի անհրաժեշտությունը։
Եվրոպայում ավտոմեքենաների արտանետումների նվազեցման նպատակով գործում են եվրո-1-ից մինչև եվրո-7 էկոլոգիական ստանդարտները։ Դրանք սահմանում են, թե մեքենան որքան վնասակար նյութ կարող է արտանետել մթնոլորտ։ Առաջին՝ եվրո-1 ստանդարտը ներդրվել է 1992 թվականին, դրան հաջորդել են եվրո-2-ը՝ 1996-ին, եվրո-3-ը՝ 2000-ին, եվրո-4-ը՝ 2005-ին, եվրո-5-ը՝ 2009-ին, եվրո-6-ը՝ 2014-ին։ Յուրաքանչյուր հաջորդ ստանդարտ ավելի խիստ պահանջներ է սահմանել արտանետումների նկատմամբ։ Ներկայումս ներդրվում է նաև եվրո-7-ը, որը նոր պահանջներ է սահմանում ոչ միայն արտանետվող գազերի, այլև արգելակների մաշվածությունից ու անվադողերից առաջացող մասնիկների նկատմամբ։
Վարորդներից հետաքրքվեցինք, ինչպես են վերաբերում, եթե քաղաքային իշխանությունը նման սահմանափակումներ պարտադրի։ Նրանք հիմնականում մտահոգվում են հնարավոր ֆինանսական բեռով և կարծում, որ նման որոշումներից առաջ քաղաքապետարանը պետք է հստակ բացատրի՝ ինչ մեքենաների են դրանք վերաբերելու և ինչպես են կիրառվելու։
Հայաստանում ավտոմեքենայի էկոլոգիական դասը որոշվում է ՀՀ տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների արտանետումների սահմանային թույլատրելի մակարդակները սահմանելու մասին օրենքով։ Հայաստանում շահագործվող ավտոմեքենաները բաժանվում են 6 էկոլոգիական դասի՝ Euro 1-ից մինչև Euro 6։ Յուրաքանչյուր դաս սահմանում է, թե տվյալ մեքենայի շարժիչը որքան վնասակար նյութ կարող է արտանետել։
Ըստ այդմ՝ արտանետումների թույլատրելի չափերը տարբեր են՝ կախված մեքենայի վառելիքի տեսակից (բենզին, դիզել, սեղմված բնական գազ կամ հեղուկացված նավթային գազ), շարժիչի տեսակից, ավտոմեքենայի ենթախմբից (մարդատար, բեռնատար, այլ տրանսպորտային միջոցներ)։ Ավտոմեքենաների վաճառքի մենեջեր Գագիկ Մամուլյանը բացատրում է։
«Մենք հետևում եք ԵԱՏՄ կանոններով սահմանված պահանջին, որը euro 5 է, այսինքն փաստացի Հայաստան նոր մեքենա ներմուծված իրավաբանական անձի կողմից չի կարող լինել, որը euro 5 ստանդարտին չի համապատասխանում գոնե, նույնը ֆիզիկական անձանց համար ոչ մի ստանդարդ ընդունված չի»,- նշեց նա։
Նշում է՝ հարևան Վրաստանում մեքենայի ներմուծման դեպքում նշանակություն չունի՝ ներկրողը ֆիզիկական անձ է, թե իրավաբանական․ ներմուծվող ավտոմեքենաները պետք է լինեն 2013 թվականից արտադրված և համապատասխանեն եվրո-5 էկոլոգիական ստանդարտին։
Դեռ հստակ չեն, թե որ վարչական շրջաններում ինչ սահամանափակումներ կգործեն, և որքան կլինի ֆինանասական բեռը։ Երևանի քաղաքապետարանից Factor TV-ին հայտնեցին, որ քաղաքապետի հայտարարած նախաձեռնության վերջնական դրույթները հստակեցնելուց հետո դրանք կներկայացվեն հանրային քննարկման։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան