«Անհայտ կորածների ծնողներն ուզում են կառուցողական խոսակցության մեջ մտնել Ադրբեջանի անհայտ կորածների ընտանիքների հետ»․ Գոռ Մուրադյան

«Դա մեր ծնողների ցանկությունն է, մենք տարբեր կառույցներով փոխանցել ենք ուղերձը, որ մեր ծնողները կառուցողական խոսակցության մեջ են ուզում մտնել հարևանությամբ գտնվող պետության անհայտ կորածների ընտանիքներից որևիցե մեկի կամ մի քանիսի հետ, որպեսզի ցավը կիսեն իրար հետ և որպես ելակետ՝ սկսեն այդ ցավից ու շարունակեն իրենց աշխատանքը։ Ինչքան մենք ենք այստեղ կարողանում բարձրաձայնել անհայտ կորածներին գտնելու հարցը, ցանկալի կլինի, որ նույն չափով էլ այնտեղ իրենց ծնողները բարձրացնեն այդ հարցը։ Այդ ժամանակ երևի այնտեղի իշխանության մոտ էլ կառաջանա պարտավորվածություն, որպեսզի նստեն բանակցությունների՝ այդ հարցը լուծելու համար»,- «Անհայտ կորած անձանց ճակատագիրը. մարդասիրական երկխոսություն համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց «Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիա»-ի համահիմնադիր Գոռ Մուրադյանը՝ 44-օրյա պատերազմում անհայտ կորած Հենրիխ Մուրադյանի հորեղբայրը։

Նա նշեց, որ եղբոր որդու անհետացման հանգամանքների հետ կապված ամեն ինչ գիտի, բայց չի ուզում այդ մասին բարձրաձայնել։

«Ես այդ տարածք էլ եմ մտել, դուրս եկել, որոնողական աշխատանքներին եմ մասնակցել, բայց չխոսենք դրա մասին, որովհետև աշխատանքներ են տարվում, ուզում եմ նպատակին հասցնել»,- ասաց Մուրադյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Գոռ Մուրադյանը նաև Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդամ է։ Նա նշեց, որ հանձնաժողովի վերջին նիստը եղել է հունիսի 22-ին։ Հարցին, թե արդյո՞ք արդյունավետ է գնահատում հանձնաժողովի աշխատանքը, նա պատասխանեց․ «Մեր կարգավիճակի մարդն աշխատանքն արդյունավետ կհամարի այն ժամանակ, երբ արդյունքներ կնկատվեն ու կհասնենք մեր բաղձալի նպատակին՝ թեկուզ ամենաքիչը ինֆորմացիա ունենանք, ամենաշատը, որ ճակատագրեր պարզաբանվեն»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment