Երևանի օդանավակայանում գողությունների դեպքե՞ր են եղել, ադամանդներով զարդե՞ր են անհետացել

Ռուս զբոսաշրջիկները հայտնել են Երևանի օդանավակայանում տեղի ունեցած մի շարք գողությունների մասին, նրանց ճամպրուկներից անհետացել են ադամանդներով զարդեր։

Ըստ SHOT լրատվականի՝ բողոքները սկսել են ի հայտ գալ ամռան վերջին։ Երևանում տարանցիկ կանգառից հետո ուղևորները հայտնաբերել են, որ իրենց ճամպրուկները բացված են եղել, իսկ պարունակությունը՝ իրար խառնած։

Սոֆյան հայտնել է ադամանդներով զարդարված Tiffany ապրանքանիշի զարդերի կորստի մասին, իսկ Վալերիան կորցրել է ոսկյա ականջօղեր, մարգարիտով արծաթե կախազարդ և ամեթիստով ոսկեջրած շղթա։ Եվգենիայի ուղեբեռը նույնպես բացվել է, թեև նա նախապես զգուշություն էր ցուցաբերել՝ բոլոր թանկարժեք իրերը պահելով իր մոտ։

Ռոստովի մարզից ժամանած Յուլիայի ամբողջ ճամպրուկն է անհետացել՝ հագուստով, հուշանվերներով և թանկարժեք իրերով հանդերձ. արդեն մոտ մեկ ամիս է՝ նրան չի հաջողվում այն հետ ստանալ։ Բոլոր կանայք ճամփորդել են FlyOne Armenia ավիաընկերության չվերթներով, թեև որևէ հաստատում չկա, որ անհետացումներին առնչություն ունեն ավիաընկերության աշխատակիցները։ Ուղևորները նշում են, որ թե՛ ավիաընկերությանը, թե՛ օդանավակայանի ղեկավարությանը դիմելու իրենց փորձերը առայժմ արդյունք չեն տվել։

MediaHub-ը դիմել է ՆԳՆ՝ հասկանալու, թե ի՞նչ է եղել և արդյո՞ք իրենք նման տեղեկություն ունեն։ «Նշված բովանդակությամբ հանցագործության մասին հաղորդումներ ՆԳՆ ոստիկանությունում չեն ստացվել»,- հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Սարգսյանը մեզ հետ զրույցում հարկ համարեց նշել, որ ՆԳՆ ոստիկանությունը տարբեր ավիաընկերությունների հետ կապված պարբերաբար ստանում է կորած իրերի վերաբերյալ դիմումներ, որոնց սահմանված կարգով ընթացք է տրվում։ Այս ուղղությամբ ՆԳՆ ոստիկանությունն ամենօրյա ռեժիմով համագործակցում է օդանավակայանի գործընկերների հետ։

Մարիաննա Արամյան

Leave a comment