Գաղտնի փաստաթղթաշրջանառությունը շատ ավելի ապահով է։ Միևնույն ժամանակ, տեխնիկական զարգացմանը համընթաց, մեր ծառայությունում ևս իրականացնում ենք աշխատանքներ գաղտնի տեղեկատվության այլ՝ պաշտպանված եղանակով փոխանցման, փոխադարձ պաշտպանության համար։ Այս մասին խորհրդարանում Կառավարության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև գաղտնի տեղեկությունների փոխանցման, օգտագործման, պահպանության և պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Եսայի Մկրտչյանը։
«Մենք աշխատում ենք, այդ թվում՝ տարբեր երկրների առաջատար մասնագետների հետ, որպեսզի կարողանանք կրիպտոգրաֆիկ պաշտպանություն իրականացնել, և ունենք բավական հաջողություններ։ Որոշ դեպքերում նույնիսկ կիրառում ենք դա, եթե կապը պաշտպանված է»,– տեղեկացրեց ԱԱԾ տնօրենի տեղակալը։
Նա նաև տեղեկացրեց՝ Հայաստանն արդեն 9 պետության հետ ունի գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր, մի շարք պետությունների հետ էլ ներկայումս գործընթաց է իրականացվում։
«Պատրաստվում ենք դա անել»,– ասաց Եսայի Մկրտչյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հարցին, թե Հայաստանը քանի պետության հետ ունի գաղտնի տեղեկատվության փոխանցման մասին համաձայնագրեր։
Ինչ վերաբերում է Ղազախստանի հետ կնքվելիք պայմանագրին, մանրամասնեց, որ այն բացառապես երկկողմ համաձայնագրի շրջանակում է, և մեր որևէ անդամակցությունն այլ կառույցներին չի խանգարում, և տեղեկատվության փոխանակումը լինելու է միայն երկկողմ ձևաչափով։