Երկուշաբթի օրը Արդարադատության նախարարությունը կհրապարակի նոր Սահմանադրության տեքստը։ Այս մասին ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երկուշաբթի օրը արդարադատության նախարարությունը կհրապարակի նոր սահմանադրության նախագիծը, և ես ուղերձով կդիմեմ ժողովրդին»,–ասաց նա։
Փաշինյանը հավելեց, որ ուզում է ևս մեկ անգամ ԱԺ ամբիոնից անդրադառնալ իր՝ նախկինում արված առաջարկին. «Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, ամբողջ խմբակցությունը կարող է չքվեարկել: Եվ մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի: Ասում եմ պաշտոնապես, եթե ժողովուրդը դեմ կքվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական եմ տալիս հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո 1 շաբաթվա ընթացքում:
Եթե ժողովուրդը կողմ է քվեարկում, հաջորդ ընտրությունները հերթական կլինեն, թե արտահերթ, ես չեմ առաջադրվի որպես վարչապետի թեկնածու: Սա բաց առաջարկ է և ես ուզում եմ այն դիտարկել ընդդիմության տարբեր փաստարկների համատեքստում»,- ընդգծեց վարչապետը:
Նա նաև հայտարարեց, որ եթե երկրում բռնապետություն լիներ, ընդդիմությանը չէին դիմի, միանգամից «թաթիկներից» կբռնեին ու քվեարկել կտային։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում Փաշինյանն ընդդիմությանն առաջարկել էր նոր Սահմանադրության հարցը լուծել հանրաքվեով՝ հայտարարելով, որ պատրաստ է անձամբ հեռանալ իշխանությունից ինչպես հանրաքվեում նախագծի մերժման, այնպես էլ իր ներկայացրած խաղաղության օրակարգի իրագործման դեպքում։
Նոյեմբերի 10-ին արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել էր, որ Սահմանադրության նախագծի ավելի քան 90 տոկոսն արդեն քննարկվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդում։ Նրա խոսքով՝ նախագծի հրապարակումից հետո կսկսվեն հանրային լայն քննարկումներ։
Նոր Սահմանադրության ընդունման դեմ ընդդիմադիր մի շարք ուժեր նոյեմբերի 8-ից Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացնում։ Նրանք պնդում են, որ սահմանադրական փոփոխություններն իրականացվում են Ադրբեջանի պահանջով։