Նորվեգիան և Միացյալ Թագավրությունն Ուկրաինային կտրամադրեն արագընթաց պարեկային նավեր՝ 1 միլիարդ նորվեգական կրոն (102,3 միլիոն ԱՄՆ դոլար) ընդհանուր արժողությամբ։
Դրանք նախատեսված են օգնելու պաշտպանել Սև ծովում գտնվող ծովային միջանցքը․ հինգշաբթի օրը հայտնել են Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի գրասենյակից։
«Նորվեգա-բրիտանական այս համագործակցությունը կամրապնդի Ուկրաինայի կարողությունը՝ պաշտպանելու ինքն իրեն, իր տնտեսությունը և կենսական նշանակություն ունեցող արտահանումները (այդ թվում՝ հացահատիկը) Սև ծովի միջոցով»,- նշել է վարչապետը։
Նորվեգիայի և Մեծ Բրիտանիայի վարչապետները այս աջակցության մասին հայտարարել են Բեռլինում Կամակիցների կոալիցիայի (Coalition of the willing) հետ հանդիպման ժամանակ։
Ուկրաինային հատկացվող երկու արագընթաց պարեկային նավերը կհամալրվեն տարբեր եվրոպական մատակարարներից ձեռք բերված բաղադրիչներով և համակարգերով։
Նորվեգիայի կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունն իրականացվում է «Նանսենի աջակցության ծրագրի» շրջանակներում, որը Նորվեգիայի կողմից մեկնարկած ֆինանսավորման երկարաժամկետ ռազմավարություն է՝ ուղղված Ուկրաինային օգնելուն։ Ըստ հաղորդագրության՝ Նորվեգիայի կառավարությունը նախատեսում է մինչև 2027 թվականը Ուկրաինային տրամադրել ընդհանուր առմամբ 85 միլիարդ կրոնի (8,7 միլիարդ ԱՄՆ դոլար) աջակցություն՝ ներառելով թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական օգնությունը։