«Այսօր էլ բանակի բարձրագույն հրամանատարական կազմում՝ ԳՇ պետ, շտաբի պետի տեղակալ, կորպուսի հրամանատար, բազմաթիվ վարչության պետեր, տեղակալներ թրծվել են, ճանապարհ են անցել Արցախի ՊԲ-ում, 44-օրյա պատերազմում որևէ մեկը որևէ վայրկյան փախուստի չի դիմել, բայց հիմա ծպտունները դուրս չի գալիս, երբ արատավորում են իրենց վաստակը, իրենց զինակիցների վաստակը, իրենց նահատակված ընկերների վաստակը»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում վրդովվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր․ «Հիշեցի 2022-ին տեղի ունեցած մի ասուլիս, որտեղ Ղարաբաղի մի ոչ անհայտ ներկայացուցիչ ուղերձ էր ուղարկել, որ մենք սենց, նենց կանենք, բայց դրանից մի քանի ամիս առաջ 300-ի տակ ճղած փախնում էին Հայաստան։ Բա տիկին Հովսեփյանն ինչի՞ չի հիշում, որ ՀՀ ժողովուրդը 7-8 տարի սոված մնացել է, ինչո՞ւ չեն հիշում, որ հազարավոր քաղաքացիներ ստիպված են եղել փախչել իրենց երկրից․․․ Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համար եք մռմռո՞ւմ։ Սովը դուք չեք տեսել, ձեզ համար Ղարաբաղը բիզնես է եղել, հիմա զրկվել եք»։
Գեղամ Մանուկյանը նաև նշեց, որ թուրքական մամուլն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին․ «Նիկոլ Փաշինյանը մի քանի տարի շարունակ ընդհանրապես ցեղասպանության մասին հիշատակելիս, էդ թեման գցում էր Ստալինի վրա, ասում էր՝ սովետը պարտադրեց։ Երեկ Նիկոլ Փաշինյանն առաջ գնաց՝ Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրեր, ու էսօր թուրքական մամուլը ազդարարում է՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ հերիք է թուրք, թուրք ասեք․ դրանք արտաքին ուժերն են, որ Սան Ստեֆանոյից ու Բեռլինից պարտադրել են մեր ժողովրդին։ Այսպես որ գնա, Հայկ Նահապետին հասնելու են կարճ ժամանակում»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: