Չինաստանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Ղրիմի կամրջին հասցված հարվածները, որոնց հետևանքով այս շաբաթ կամուրջը մասամբ ավերվել է։
Պուտինի պնդմամբ՝ իր հանձնարարությամբ «արդեն բավական երկար ժամանակ» Ղրիմի կամրջով ռազմական տեխնիկայի և զինամթերքի տեղափոխումը դադարեցվել է։
«Նույնիսկ նավթ և նավթամթերք չէին տեղափոխում Ղրիմի կամրջով»,- հայտարարել է նա։
Նա Ռուսաստանը բռնակցված Ղրիմի հետ կապող կառույցն անվանել է բացառապես քաղաքացիական նշանակության օբյեկտ։ Պուտինը հիշեցրել է ուկրաինական հարվածները ռուսական նավերին և այլ թիրախներին, որոնց Ռուսաստանը պատասխանել է սեփական հարվածներով։
«Մեր պատասխան գործողությունները շատ ավելի ցավոտ եղան»,- ասել է նա։
Պուտինի խոսքով՝ տարբեր կողմերից իրեն կոչեր են ուղղվում՝ դադարեցնելու նման հարվածները, այդ թվում՝ ծովում գտնվող նավերի և Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ։
«Անկեղծ ասած՝ այս հարցը քննարկել եմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի գործընկերների հետ։ Դա արել եմ՝ հույս ունենալով հասնել «էներգետիկ հրադադարի» Ղրիմի կամրջին հասցված հարվածներից հետո մենք չենք պայմանավորվելու»,- շեշտել է Պուտինը։
Նա հայտարարել է, որ Ռուսաստանը պատասխանելու է Ղրիմի կամրջին հասցված հարվածներին, և այդ պատասխանը Կիևի համար «ավելի ցավոտ» կլինի։
«Ղրիմի կամրջին հասցված հարվածներից հետո մենք չենք պայմանավորվելու։ Պատասխանելու ենք այդ հարվածներին։ Կարծում եմ՝ մեր պատասխան գործողությունները շատ ավելի ցավոտ կլինեն, քան այն, ինչ Կիևի ռեժիմն արել է կամրջի նկատմամբ»,- հայտարարել է Պուտինը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի