Քաղաքականություն
19.11.2026 | 18:10
Լատվիայի նոր կառավարությունը հրապարակել է հռչակագիր, որում, ի թիվս այլ հարցերի, խոստանում է իրականացնել երկրի «ապառուսականացում»։ Անդրիս Կուլբերգսի գլխավորած կոալիցիոն կառավարության կազմը հաստատվել է նոյեմբերի 17-ին, գրում է Insider-ը։
Փաստաթղթի 118-րդ կետում ասվում է. «Կամրագրենք ակադեմիկոսների, պատմաբանների և սոցիոլեզվաբանների առաջարկությունները՝ ընդունելով ապառուսականացման մասին հռչակագիր, ստեղծելով իրավական հիմք հանրային տարածքում ռուսերենի օգտագործումը սահմանափակելու և լատվիերենի՝ որպես միակ պետական լեզվի կարգավիճակն ամրապնդելու համար»։
Թե հատկապես ինչ քայլեր է մտադիր ձեռնարկել կառավարությունը ռուսերենի օգտագործումը սահմանափակելու համար, չի մասնավորեցվում։
Միևնույն ժամանակ, հրապարակված հռչակագրի մյուս կետերում հիշատակվում են լատվիերենի աջակցությանն ուղղված մի շարք միջոցառումներ․
-
պետական աջակցություն ցուցաբերել լատվիերենի և լատվիական պատմության ուսումնասիրություններին, ընդլայնել լատգալերենի և լիվոնյան լեզվի ուսումնասիրման հնարավորությունները,
-
միջոցներ ձեռնարկել հանրային և տեղեկատվական տարածքում, ինչպես նաև աշխատավայրում լատվիերենի օգտագործման ընդլայնման ուղղությամբ, աջակցել լատվիական մշակույթին և ազգային ինքնությանը։
«Մենք բոլորս ունենք մեկ ընդհանուր Լատվիա։ Լատվիայի պետականությունը, անվտանգությունը, լատվիերենը և մեր երկրի ապագան ընդհանուր արժեքներ են։ Դրանց պաշտպանությունն ավելի կարևոր է, քան որևէ քաղաքական կուսակցության կամ պետական հաստատության շահերը։ Նույնիսկ երբ փոխվում են կառավարության խնդիրներն ու նախարարները, այդ արժեքները մնում են անփոփոխ։ Դրանք սահմանում են կառավարության գործունեության ուղղությունն ու սահմանները։ Սույն հռչակագրի իրականացման ընթացքում կառավարությունը յուրաքանչյուր որոշում կընդունի՝ առաջնորդվելով վեց հիմնարար արժեքային սկզբունքներով»,- ասվում է փաստաթղթում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի