Փաշինյան․ ՔՊ կուսակցությունը պետք է ղեկավարի նա, ով պետք է լինի վարչապետի թեկնածու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է հնարավոր հրաժարականից հետո իր քաղաքական գործունեության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետագա ղեկավարման մասին՝ նշելով, որ «բարեբախտ իրադարձություններից հետո ՔՊ կուսակցությունը պետք է ղեկավարի նա, ով պետք է լինի վարչապետի թեկնածու»:

«Ես չեմ խոսում քաղաքականությունից հեռանալու մասին։ Չեմ կարող ասել՝ գուցե հեռանամ, գուցե չհեռանամ, բայց քաղաքականությունից ընդհանրապես հեռանալ հասկացությունը ո՞րն է։ Հարցազրույց տալն էլ քաղաքականությամբ զբաղվել է»,-ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը:

Այս մասին կառավարության ղեկավարն ասել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ մեկնաբանելով նախորդ օրը խորհրդարանում հնչեցրած իր հայտարարությունը, ըստ որի՝ նոր Սահմանադրության ընդունումից և խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո պատրաստ է հրաժարվել վարչապետի պաշտոնից։

Լրագրողը հարցրել է՝ արդյոք վարչապետի պաշտոնը թողնելուց հետո Նիկոլ Փաշինյանը կշարունակի գլխավորել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, թե ամբողջությամբ կհրաժարվի քաղաքական գործունեությունից։

«Ես չեմ ասի, որ քաղաքականությունից հեռանում եմ կամ կհեռանամ, բայց դա ճիշտ չեմ համարում, էս գլխից ասեմ, որ ես չլինեմ վարչապետի թեկնածու…Ի միջի այլոց, մենք նախկինում այդ մոդելն ունեցել ենք, հետո փոխել ենք։ Այսինքն՝ մենք վարչության նախագահի և, այսպես ասած, կուսակցության համամասնական ցուցակի կամ վարչապետի թեկնածուի դերերը չենք նույնականացրել, բայց մեկ է՝ խորհրդարանական կառավարման համակարգում դա գալիս է, բնականորեն այդ զարգացմանն է հասնում։ Իմ կարծիքով՝ ճիշտ տրամաբանությունը դա է», — ասել է նա։

Խոսելով իր հնարավոր հրաժարականից հետո կուսակցության ղեկավարի ընտրության սկզբունքի մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կարծում եմ, որ բարեբախտ իրադարձություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պետք է ղեկավարի նա, ով պետք է լինի վարչապետի թեկնածու»։

Փաշինյանն ընդդիմությանն առաջարկել է գնալ նոր Սահմանադրության հանրաքվեի՝ հայտարարելով, որ դրա մերժման դեպքում հրաժարական կտա, իսկ ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին վարչապետի թեկնածու չի լինի։ Նա այդ մասին ասել է կառավարության նիստում։

Leave a comment