Թբիլիսիի մոտակայքում բնակելի շենքում գազի պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասել է չորսի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի մերձակայքում՝ Քվեմո-Պոնիչալա ավանում, հինգհարկանի բնակելի շենքում կենցաղային գազի պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է չորսի։

Տուժածների թվում կա անչափահաս երեխա։ Այս մասին հայտնել է Վրաստանի առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն։

Նախարարի խոսքով՝ տուժածները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, և նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։

«Այս պահին հոսպիտալացվել է չորս մարդ, որոնցից մեկը՝ անչափահաս երեխա։ Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում բոլոր պացիենտներին, հատկապես՝ երեխային», – Սարջվելաձեի խոսքերը մեջբերում է NGnewsgeorgia գործակալությունը։

Առողջապահության նախարարի խոսքով՝ դեպքի վայրում շարունակում են հերթապահել շտապօգնության մի քանի բրիգադներ։

Միևնույն ժամանակ, հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները շարունակում են փլուզված շինության փլատակների մաքրման աշխատանքները։

Տեղի բնակիչների խոսքով՝ փլատակների տակ կարող են դեռևս մի քանի մարդ մնացած լինել, այդ թվում՝ երեխաներ։ Այս տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել։

Leave a comment