Արարատի ոստիկաններն ու պարեկները «Range Rover»-ում հայտնաբերվել են զենք-զինամթերք․ Shamshyan

Նոյեմբերի 13-ին զենքի և ռազմամթերքի առգրավման դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհով՝ Արարատ քաղաքից դեպի Երևան ուղևորվող «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներն իրենց մոտ ապօրինի պահում և կրում են զենք-զինամթերք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արարատի մարզային քրեական վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկների հետ նույն օրը՝ ժամը 17։50-ին, Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի սկզբնամասում կանգնեցրել են նշված ավտոմեքենան։ Վարորդն ու ուղևորները դրսևորել են կասկածելի վարքագիծ, իսկ առջևի ուղևորը՝ Երևանի բնակիչ 43-ամյա Հրանտ Պ․-ն, իջնելով ավտոմեքենայից, շարունակել է կասկածելի վարքագիծ դրսևորել։

Նա իր մոտից զենքին նմանվող առարկա է փոխանցել հավաքված քաղաքացիներից մեկին՝ Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Վարազդատ Բ․-ին։ Վերջինս նկատվել է քրեական ոստիկանների կողմից, որից հետո անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է Արարատի մարզային քրեական վարչություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենայի վարորդը՝ Երևանի բնակիչ 32-ամյա Գևորգ Ղ․-ն, և ուղևորները՝ Երևանի բնակիչներ 27-ամյա Սոս Գ․-ն, 27-ամյա Գոռ Հ․-ն ու 43-ամյա Հրանտ Պ․-ն, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, կրելու, փոխադրելու կամ առաքելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել են Արարատի մարզային քրեական վարչություն։

Կազմված փաստաթղթերի հետ միասին նրանք ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Leave a comment