Շենժենում ավարտվել է ԱՄՆ-ՌԴ-Չինաստան եռակողմ գագաթնաժողովը, հաղորդում են չինական լրատվամիջոցները։ Մինչ այդ, հանդիպման մեկնարկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անդրադառնալու են «աշխարհում քննարկվող բոլոր խնդիրներին»։ Նրա խոսքով՝ բանակցությունների օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է նաև միջուկային սպառազինության թեման։
«ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Չինաստանը բացառիկ դիրքերում են՝ քննարկելու, թե ինչպես կարելի է նվազեցնել Երկրի վրա միջուկային զենքի քանակը և նաև նվազեցնել այդ զենքի կիրառման ռիսկը»,- ասել է նա։
Թրամփը հայտարարել է, որ արտաքին քաղաքականության մեջ «այլ ուղի է ընտրում»՝ առաջին անգամ համատեղ հանդիպում անցկացնելով Ռուսաստանի և Չինաստանի իր գործընկերների հետ։
Ջերմ խոսքերով անդրադառնալով Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որին Թրամփը դիմել է անունով, ԱՄՆ նախագահն ասել է, որ համոզված է՝ Միացյալ Նահանգների հակառակորդների հետ երկխոսությունը կարող է արդյունքներ տալ։
«Որպես աշխարհի երեք խոշորագույն երկրների նախագահներ՝ մենք հատուկ պատասխանատվություն ենք կրում բաց, հարգալից և արդյունավետ երկխոսություն պահպանելու համար այն հարցերի շուրջ, որոնք ազդում են ոչ միայն մեր ժողովուրդների, այլև ամբողջ մոլորակի վրա։ Շատ հաճախ նախկին առաջնորդները խուսափել են խոսել այն երկրների հետ, որոնց հետ տարաձայնություններ են ունեցել։ Մենք հակառակ մոտեցումն ունենք և համոզված ենք, որ դա ճիշտ է»,- ասել է նա պատմական բանակցությունների մեկնարկին։
Թրամփի խոսքով՝ այն առաջնորդների հետ խոսելուց հրաժարվելով, որոնց հետ տարաձայնություններ կան, «երբեք որևէ խնդիր չի լուծվել»։
«Այսպիսով, խաղաղություն երբեք չի հաստատվել՝ հրաժարվելով երկխոսության և համատեղ քննարկումների հնարավորություններից։ Մենք ընտրում ենք այլ ուղի»,- ասել է նա։
Թրամփի խոսքով՝ «կենսական նշանակություն ունի», որ երկրները համագործակցեն՝ «աշխարհի այլ երկրներում միջուկային զենքի տարածման սպառնալիքի դեմ պայքարելու համար»։
«Հենց դրանով էլ մենք զբաղվում ենք Իրանում։ Մենք թույլ չենք տա, որ Իրանը միջուկային զենք ունենա»,- հայտարարել է նա։
Այնուհետև Թրամփն անդրադարձել է Ուկրաինային՝ նշելով, որ ինքն ու Պուտինն արդեն «երկար քննարկում» են ունեցել այդ հակամարտության շուրջ։ Նա նաև լավատեսություն է հայտնել, որ Ուկրաինայում պատերազմի կարգավորումը կարող է մոտ լինել։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հինգշաբթի օրը Չինաստանում Ռուսաստանի և Չինաստանի իր գործընկերների հետ բանակցությունների ընթացքում քննարկվելու է Ուկրաինայում պատերազմը։
«Կարծում եմ՝ որոշակի զարգացումներ կան։ Կարծում եմ՝ Պուտինը, և հուսով եմ՝ նաև մյուս կողմը, ցանկանում են տեսնել այդ պատերազմի ավարտը»,– հավելել է Թրամփը։
Թեև այսօրվա հանդիպումից լուրջ արդյունքների ակնկալիքները ցածր են, Թրամփը նշել է, որ առաջընթացի հասնելը հնարավոր է։
«Տեսնենք՝ արդյո՞ք կկարողանանք որևէ արդյունքի հասնել»,- ասել է նա լրագրողների հեռանալուց և բանակցությունների մեկնարկից առաջ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի