Ես պարբերաբար դատապարտել եմ ազգային, էթնիկ պատկանելության հիմքով ատելության խոսույթը և կարևորում եմ, որ այլ պետություններում ևս մեր գործընկերները խիզախություն ունենան անելու դա. Մանասյան

Նոյեմբերի 19-ին Երևանում մեկնարկել է «Անհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովը, որի շրջանակներում ելույթ է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

Համաժողովի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։ Տեսաուղերձով մասնակիցներին դիմել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերը։

Միջազգային համաժողովը համախմբել է տարբեր երկրների պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, փորձագիտական շրջանակների, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի և անհայտ կորած անձանց ընտանիքների ներկայացուցիչների՝ քննարկելու անհայտ կորած և բռնի անհետացած անձանց ճակատագրերի պարզմանն առնչվող մարդասիրական, իրավական և գործնական խնդիրները։

Համաժողովի առաջին նստին որպես բանախոս հանդես է եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:

Ելույթում Պաշտպանն անդրադարձել է անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության ուղղությամբ Հայաստանի փորձին, առկա խնդիրներին, ինչպես նաև այս ուղղությամբ ազգային և միջազգային մակարդակներում հետևողական աշխատանքի անհրաժեշտությանը։

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ անհայտ կորած անձանց ճակատագրի և գտնվելու վայրի պարզումը միայն որոնողական կամ առանձին իրավական գործընթացների շրջանակում դիտարկվող հարց չէ։ Այն անմիջականորեն առնչվում է մարդու հիմնարար իրավունքների հետ, իսկ հարազատների համար տարիներ շարունակվող անորոշությունն առաջացնում է ծանր հոգեբանական, սոցիալական և այլ հետևանքներ։

Ա. Մանասյանն ընդգծել է՝ յուրաքանչյուր ընտանիքի՝ իր հարազատի ճակատագրի և գտնվելու վայրի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու, ինչպես նաև այլ հիմնական իրավունքների երաշխավորման հետ կապված հարցերը պետք է լինեն բոլոր գործընթացների առանցքում։ Այս իրավունքի արդյունավետ իրացումը ենթադրում է պետության կողմից անհրաժեշտ և գործուն միջոցների ձեռնարկում, ընտանիքներին ժամանակին ու հավաստի տեղեկատվության տրամադրում, ինչպես նաև հանրային հաղորդակցության այնպիսի ձևաչափի ընտրություն, որը կունենա հարցի առնչությամբ պատշաճ զգայունություն և չի ձևավորի տպավորություն, որ իրավունքներին առնչվող այս խնդիրները որևէ առումով երկրորդվում են տարբեր գործընթացների շրջանակներում։

Պաշտպանն իր խոսքում առանձնահատուկ կարևորել է ազգային, էթնիկ պատկանելության հիմքով ատելության խոսքի բացառումը, ինչը կբերի վստահության մթնոլորտի բարձրացման և բազմաթիվ խնդիրների լուծման․

«Ես պարբերաբար դատապարտել եմ նմանատիպ խոսույթը և կարևորում եմ, որ այլ պետություններում ևս մեր գործընկերները խիզախություն ունենան անելու դա»,-ասել է Անահիտ Մանասյանը։

Պաշտպանը կարևորել է նաև պետությունների միջև արդյունավետ համագործակցությունն ու վստահության մթնոլորտի ձևավորումը, միջազգային գործընկերների շարունակական ներգրավվածությունը և տեղեկատվության փոխանակման գործուն մեխանիզմների զարգացումը։

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ խնդրի լուծումը հնարավոր չէ առանց էթիկական և մասնագիտական պատշաճ ստանդարտների վրա հիմնված երկկողմ համագործակցության և միջազգային դերակատարների ներգրավման: Այդ գործընթացը պահանջում է երկարաժամկետ, համակարգված և հետևողական աշխատանք։

Պանելային քննարկմանը մասնակցել են  նաև Կիպրոսում անհայտ կորած անձանց հարցերով կոմիտեում (CMP) ՄԱԿ-ի ներկայացուցիչ Պիեռ Ժանտիլը, Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) քաղաքականության և համագործակցության հարցերով տնօրեն Անդրեաս Կլայզերը, կոմիտեում Կիպրոսի հունական համայնքի ներկայացուցիչ, դոկտոր Լեոնիդաս Պանտելիդես,

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Եվրասիայի տարածաշրջանի գործառնությունների համակարգող Դենա Ֆիշերը և ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Մելսիկ Շիրվանյանը:

Մոդերատորն էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության մարդասիրական հարցերի բաժնի ղեկավար Վրեժ Քարդումյանը։

Համաժողովի շրջանակում քննարկվել են նաև անհայտ կորած անձանց հարցի միջազգային իրավական կարգավորումները, պետությունների պարտավորությունները, որոնողական և նույնականացման արդյունավետ մեխանիզմների ձևավորումը, տվյալների կառավարման ու փոխանակման հարցերը, ինչպես նաև ընտանիքների՝ ճշմարտությունն իմանալու իրավունքի ապահովման և հետհակամարտային վերականգնման գործընթացներում նրանց ներգրավվածության խնդիրները։

Համաժողովի նպատակն է միջազգային և տարածաշրջանային համագործակցության ամրապնդման, փորձի փոխանակման և համատեղ գործնական մոտեցումների մշակման միջոցով նպաստել անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզմանը և նրանց ընտանիքների իրավունքների լիարժեք պաշտպանությանը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment