Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն անդրադարձավ ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանի վարքագծին։ Աղաջանյանը դիմեց նաև ընդդիմադիր պատգամավորներին՝ հորդորելով կարգի հրավիրել իրենց համախոհին։
Անդրադառնալով Էդգար Ղազարյանի՝ բարձրագույն կրթության և ակադեմիական անցած ճանապարհի վերաբերյալ հայտարարություններին՝ Աղաջանյանն ասաց, որ կրթությունը միշտ չէ, որ ենթադրում է բարոյականություն և տարրական էթիկայի կանոնների պահպանում։
«Այստեղ մեկը կա, որ քիչ առաջ հոխորտում էր երկու բարձրագույն կրթություն ունենալու մասին… Տիկի՛ն Անդրեասյան, ցավոք, կան մարդիկ, ովքեր ծնվում են որոշակի սահմանափակումներով, մասնավորապես՝ բարոյական սահմանափակումներով, և որքան էլ նրանք ունենան բարձրագույն կրթություն կամ թեկուզ ունենան 300 000 կենսաբանական կյանք, միևնույնն է, նրանց առաքինությունը, արժանապատվությունը և տարրական էթիկայի զգացողությունը խորթ կլինեն այդ ամբողջ 300 000 կյանքերի ընթացքում, և փոխարենը ճղճիմությունը և բարոյականության հետ կապված խնդիրները կուղեկցեն այդ բոլոր 300 000 կենսաբանական կյանքերի ընթացքում»,- հայտարարեց Աղաջանյանը։
Պատգամավորը դիմեց նաև ընդդիմադիր գործընկերներ Արամ Վարդևանյանին և Տիգրան Աբրահամյանին՝ պահանջելով ուշադրություն դարձնել Էդգար Ղազարյանի վարքագծին և հորդորել նրան հարգալից վերաբերվել նախարարին։
«Մենք ինչքա՞ն պետք է հանդուրժենք այս խոսակցությունները, այս կեցվածքը: …Ուրեմն, խնդրում եմ՝ իրեն տեղեկացրեք, որ սրանից հետո տիկին նախարարը, երբ որ այստեղից զեկուցում է, պետք է դիմի «Տիկի՛ն նախարար» կամ «Տիկի՛ն Անդրեասյան»: Մենք էլ չենք հանդուրժելու, հարգելի՛ գործընկերներ… Դուք ամեն անգամ այսպիսի բաներով սադրում եք, նախաձեռնում եք այսպիսի դրվագներ ու հետո ասում եք՝ մեզ ծեծեցին, մեզ խփեցին: Խնդրում եմ՝ այս թեմայով զբաղվեք, Դուք անձամբ, պարո՛ն Վարդևանյան, խնդրում եմ՝ Դուք զբաղվեք այս թեմայով»,- ասաց Աղաջանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան