Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին կից արտաքին առևտրի և տնտեսական գրավչության հարցերով նախարար-պատվիրակ Նիկոլա Ֆորիսիեի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ վերջին հայտարարությունները բացարձակապես անընդունելի են։ Ֆրանսիայի ընտրովի մոտեցումը, միակողմանի գնահատականներն ու քաղաքական դրդապատճառներով պայմանավորված թեզերին շարունակական ապավինումը չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղմանը։ Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի տարածած հայտարարությունում։
Փորձելով արդարացնել է 2023 թվականին Արցախի դեմ իրականացրած ռազմական ագրեսիան, ապա դրան հաջորդած արցախահայության էթնիկ զտումը, Բաքուն հայտարարել է, թե «2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած հակաահաբեկչական միջոցառումների նպատակն էր վերջ դնել Հայաստանի զինված ուժերի և դրանց հետ կապված կառույցների անօրինական ռազմական ներկայությանն ու գործունեությանը Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում, վերականգնել երկրի սահմանադրական կարգը, ապահովել նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։
Հայկական կողմի հասցեին անհիմն մեղադրանքներով հայտարարությունում նշվում է, թե «այդ գործողությունները միջազգային իրավունքի խախտում ներկայացնելու փորձերը՝ միաժամանակ անտեսելով տասնամյակներ շարունակվող օկուպացիան, էթնիկ զտումներն ու հարյուր հազարավոր ադրբեջանցիների իրավունքների համակարգված խախտումները, անընդունելի են»։
«Ինչ վերաբերում է մարդասիրական հարցերին, Ադրբեջանը մերժում է երկրում դատաքննության ենթարկվող կամ դատապարտված անձանց որպես «կամայականորեն ձերբակալվածներ» ներկայացնելու փորձերը։ Պատասխանատվության ենթարկվածների թվում կան անձինք, որոնք մեղադրվում և դատապարտվել են ծանր հանցագործությունների, այդ թվում՝ ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների և ահաբեկչության համար։ Նրանց գործերը քննվել են Ադրբեջանի ազգային օրենսդրության և համապատասխան միջազգային պարտավորությունների շրջանակում։ Օտարերկրյա կողմերի՝ ծանր ռազմական հանցագործությունների համար դատապարտված անձանց ազատ արձակումը պահանջելու փորձերն անհամատեղելի են իրավունքի գերակայության սկզբունքի հետ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Այս պարագայում Բաքուն նկատի ունի շինծու մեղադրանքներով դատապարտված Արցախի ղեկավարներին ու հայ գերիներին։
Ադրբեջանը նաև կտրականապես մերժել է մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման, դրա միտումնավոր փոփոխության մասին բազմիցս փաստագրված ու ապացուցված պնդումները։
«Օկուպացիայից ազատագրված տարածքներում մշակութային ժառանգության օբյեկտների պահպանությունն ու վերականգնումը շարունակում են մնալ մեր երկրի անփոփոխ առաջնահերթությունների շարքում։ Միևնույն ժամանակ, չպետք է անտեսել Հայաստանի կողմից երկարամյա օկուպացիայի ընթացքում ադրբեջանական ժողովրդի մշակութային և կրոնական ժառանգության, այդ թվում՝ մզկիթների, գերեզմանատների և այլ պատմական հուշարձանների լայնածավալ ավերածություններն ու յուրացման դեպքերը»,- ասվում է Բաքվի հայտարարության մեջ։
Հաջիզադեն նաև հայտարարել է, թե սեփական երկրում մարդու իրավունքների և պետական կառավարման ոլորտում առկա «լուրջ մտահոգությունների» պատճառները վերացնելու փոխարեն՝ Ֆրանսիան գնահատականներ է տալիս այլ պետությունների ներքին գործերին։ Նրա խոսքով՝ ֆրանսիական իրավապահ մարմինների կողմից ցուցարարների, այդ թվում՝ անչափահասների նկատմամբ ուժի չափազանց կիրառումը բազմիցս լուրջ մտահոգության առիթ է դարձել։
«Այլ երկրների հասցեին ընտրովի քննադատության և քաղաքական դրդապատճառներով պայմանավորված գնահատականների փոխարեն՝ Ֆրանսիան նախևառաջ պետք է կենտրոնանա սեփական երկրի ներսում առկա խնդիրների լուծման վրա»,- ասվում է հայտարարությունում։
Հաջիզադեն կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը հրաժարվել կողմնակալ մոտեցումից և զերծ մնալ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուց։
Ավելի վաղ Ֆրանսիայի Սենատում քննարկվել են Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման, արցախցիների վերադարձի իրավունքի և նրանց տրամադրվող մարդասիրական աջակցության հարցերը։ Նիկոլա Ֆորիսիեն հայտարարել է, որ գերիների խնդրի լուծումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում նախապայման է։ Նա նշել է, որ Փարիզը ողջունել է հունվարի 14-ին չորս հայ գերիների վերադարձը Հայաստան և կոչ արել ազատ արձակել կամայականորեն կալանավորված բոլոր անձանց։
Ֆորիսիեն նաև ընդգծել է, որ Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում և ափսոսանք հայտնել հայ բնակչության գրեթե ամբողջական հեռանալու կապակցությամբ։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան զգալի մարդասիրական աջակցություն է տրամադրել տեղահանվածներին և կարևորում է նրանց՝ իրենց բնակության վայրեր ազատ ու անվտանգ վերադառնալու իրավունքի ապահովումը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի