Հայաստանի կառավարության 2026–2031 թվականների գործողությունների ծրագիրը

Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 19-ի նիստում հաստատել է 2026–2031 թվականների գործողությունների ծրագիրը, որը ներառում է ներքին և արտաքին քաղաքականության հիմնական նպատակներն ու դրանց իրականացման 733 միջոցառում վեց հիմնական ուղղություններով։ Փաստաթուղթը հիմնված է «իրական Հայաստանի» գաղափարախոսության և կառավարության 2026–2031 թվականների ծրագրի վրա։

Ինչու է դա կարևոր. Ծրագիրը սահմանում է հնգամյա ռազմավարական ուղենիշները՝ խաղաղության օրակարգից ու ԵՄ մերձեցումից մինչև տնտեսության դիվերսիֆիկացում, էներգետիկ ինքնաբավության ամրապնդում և պետական ծառայությունների լիարժեք թվայնացում։

2026–2031 թթ. գործողությունների ծրագրի առանցքային մանրամասները.

  • Արտաքին քաղաքականություն և խաղաղության օրակարգ.

    • Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ամրապնդում ու ինստիտուցիոնալացում և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացում։

    • Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացում և հարաբերությունների կարգավորում։

    • ԵՄ-ի հետ վիզաների ազատականացում (վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2029 թվականն իրատեսական է համարել՝ շեշտելով կենսաչափական անձնագրերի ներդրման ու սահմանների կառավարման բարեփոխումների կարևորությունը) և ԵՄ անդամակցության հեռանկարով հարաբերությունների խորացում։

  • Տնտեսական նպատակներ և ենթակառուցվածքներ.

    • Տարեկան միջինը 6% տնտեսական աճ, 125 հազար նոր աշխատատեղերի ստեղծում, տեղական ծագման ապրանքների արտահանման ծավալների առնվազն կրկնապատկում, արդյունաբերական արտադրության 50% աճ, գյուղատնտեսության ՀՆԱ-ի արժեքի առնվազն 50% ավելացում և հացահատիկի արտադրության կրկնապատկում։

    • 10 ջրամբարի կառուցման աշխատանքների մեկնարկ՝ մինչև 2033 թվականն ավարտելու նպատակով, 350 կմ ջրանցքի ու խողովակաշարի կառուցում և վերակառուցում, ինչպես նաև Երևանում, Գյումրիում և Վանաձորում շուրջօրյա ջրամատակարարման ապահովում։

  • Սոցիալական, էներգետիկ և ինստիտուցիոնալ բարեփոխումներ.

    • Աղքատության մակարդակի նվազեցում 5 տոկոսային կետով և ողջ բնակչության ներառում առողջության համապարփակ ապահովագրության համակարգում։

    • Ինտեգրում տարածաշրջանային էներգահամակարգերին, 1000 ՄՎտ հզորությամբ արևային (ֆոտովոլտային) և 8000 ՄՎտ հզորությամբ կուտակիչ էլեկտրակայանների գործարկում։

    • Դատական համակարգի ու պետական կառավարման բարեփոխումներ՝ մարդու իրավունքների երաշխավորված պաշտպանությամբ, ապօրինի ակտիվների վերադարձի գործընթացի կատարելագործմամբ և պետական ու համայնքային հիմնական ծառայությունների թվայնացմամբ։

Leave a comment