Հարցրեք Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երիտասարդներին, թե ինչ են նրանք ակնկալում կյանքից, և նրանց պատասխանները զարմանալիորեն հստակ կլինեն՝ իմաստալից աշխատանք, սեփական տուն, կայուն զուգընկեր և երեխաներ։
Սակայն մեր տարածաշրջանում երիտասարդները հետաձգում են կամ ստիպված են լինում վերանայել կյանքի այս կարևոր հանգրվանները։
Չափազանց հաճախ սա ներկայացվում է որպես երիտասարդության անտարբերության կամ արժեքների փոփոխության դրսևորում։ Սակայն ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) «Աշխարհի բնակչությունը» 2026 թ․ նոր զեկույցը հիմնովին փոխում է այս պատկերացումը։ Այսօրվա երիտասարդները չեն անտեսում ընտանիքը կամ հասարակական կյանքը։ Պարզապես նրանք ունեն տնտեսապես ապահովվածության, անհրաժեշտ ծառայությունների և լսելի լինելու հնարավորության կարիք՝ իրենց նպատակներն իրականություն դարձնելու համար։
Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում փաստերն անհերքելի են։ ՄԱԲՀ-ի «Ժողովրդագրական ապագա» հետազոտությունը, որին մասնակցել է մեր տարածաշրջանի 11 երկրների և տարածքների 18-ից 39 տարեկան ավելի քան 13 500 երիտասարդ, բացահայտում է, որ ունենք ընտանեկան արժեքներին խորապես նվիրված մի սերունդ։ Երիտասարդների գրեթե չորս հինգերորդը (79 տոկոսը) ձգտում է ամուսնանալ, ինչը զգալիորեն ավելի բարձր է, քան Արևմտյան Եվրոպայի և Արևելյան Ասիայի համեմատվող երկրներում, իսկ երեխա չունեցող հարցվածների 95 տոկոսը ցանկանում է ունենալ առնվազն մեկ երեխա։
Այնուամենայնիվ, այդ ձգտումները բախվում են համակարգային խոչընդոտների։ Տարածաշրջանում երիտասարդները ծնող դառնալու հիմնական արգելքներ են նշում ֆինանսական անկայունությունը, հարմար բնակարանի բացակայությունը և համատեղելի զուգընկեր գտնելու դժվարությունը։ Միևնույն ժամանակ, քաղաքական անկայունության և հակամարտությունների հետ կապված տագնապներն Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում էականորեն ավելի բարձր են, քան համեմատվող մյուս երկրներում։
Այս մարտահրավերները բոլորի ուսերին նույն կերպ չեն ծանրանում։ Տարածաշրջանում կանայք ծնող դառնալու գրեթե բոլոր խոչընդոտներն ավելի սուր են գնահատում, քան տղամարդիկ։ Սա պայմանավորված է առողջական մտահոգություններով, բնակարանային անմատչելիությամբ, ինչպես նաև չվճարվող խնամքի և տնային գործերի անհավասար բաշխվածությամբ։ Երբ կանայք ստիպված են լինում ընտրություն կատարել կարիերայի և երեխա ունենալու միջև, զարմանալի չէ, որ 20-30 տարեկան հասակում նրանց լավատեսությունը աստիճանաբար մարում է։
Բախվելով ծնելիության անկմանը և ժողովրդագրական միտումների փոփոխությանը՝ մեր տարածաշրջանի որոշ կառավարություններ գայթակղվում են թվացյալ արագ լուծումներով, ինչպիսիք են երեխայի ծննդյան միանվագ նպաստները կամ երիտասարդներին՝ հատկապես կանանց, ավելի շատ երեխաներ ունենալու հորդորող հռետորաբանությունը։ Ինչպես բազմիցս համոզվել ենք, միայն դրամական աջակցությունը չի կարող լուծել համակարգային խնդիրը, իսկ պարտադրանքը միայն խաթարում է վերարտադրողական իրավունքներն ու դժվարությամբ ձեռք բերված գենդերային հավասարությունը։
Եթե ցանկանում ենք հասնել ժողովրդագրական դիմակայունության, պետք է սկսենք լսել, թե ինչ են ուզում հենց իրենք՝ երիտասարդները։
Այս տարվա «Աշխարհի բնակչությունը» զեկույցի շրջանակում անցկացված խորհրդակցությունները հստակ ուրվագծում են նրանց առաջնահերթությունները։ Նախ՝ մենք պետք է կամրջենք կրթության և արժանապատիվ աշխատանքի միջև եղած անջրպետը՝ երիտասարդներին զինելով թվային և արհեստական բանականության հմտություններով ու ստեղծելով կայուն զբաղվածության ուղիներ։ Երկրորդ՝ պետք է ներդրումներ կատարել երիտասարդների ինքնուրույն կյանքի կայացման համար՝ ապահովելով մատչելի բնակարաններ, երեխաների խնամքի հասանելի ծառայություններ և ընտանիքին աջակցող աշխատանքային միջավայր, որը խրախուսում է տղամարդկանց հավասարապես կիսել ընտանեկան հոգսերը։
Սեփական մարմնի նկատմամբ որոշումներ կայացնելու իրավունքի պաշտպանությունը և երիտասարդներին հարմարեցված սեռական ու վերարտադրողական առողջության ծառայությունների ընդլայնումը ևս պետք է առաջնահերթություն լինեն, քանի որ դրանք բախվում են դիմադրության և ֆինանսավորման կրճատումների, որոնք վտանգում են տասնամյակների առաջընթացը։ Եվ վերջապես, մենք պետք է երիտասարդներին խորհրդանշական մասնակցությունից տեղափոխենք իրական որոշումների կայացման հարթություն։ Երիտասարդները հիասթափված են գործող համակարգերից, բայց նրանք չեն մեկուսանում․ նրանք պարզապես այլ կերպ են ներգրավվում իրենց համայնքներում և թվային հարթակներում։ Նրանք արժանի են իրական դերակատարում ունենալու բյուջեների և իրենց ապագան կանխորոշող երկարաժամկետ քաղաքականությունների ձևավորման գործում։
Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երիտասարդները ավագ սերունդներից չեն պահանջում մի կողմ քաշվել։ Նրանք խնդրում են վերացնել իրենց ճանապարհին կանգնած խոչընդոտները։ Երբ մենք ներդրումներ ենք կատարում նրանց գործունակության, ապահովության և իրավունքների մեջ, մենք ոչ միայն օգնում ենք նրանց կառուցել իրենց երազած կյանքը, այլև երաշխավորում ենք մեր ողջ տարածաշրջանի ապագան։
Ֆլորենս Բաուեր
Ֆլորենս Բաուերը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրենն է։
«Աշխարհի բնակչությունը» 2026 թ․ զեկույց
ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿԱԳԻՐ
ԶԵԿՈՒՅՑԸ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) կողմից 2026 թ. նոյեմբերի 19-ին հրապարակված «Աշխարհի բնակչությունը» 2026 թ. տարեկան զեկույցը՝ «Հաջորդող սերունդներ. երիտասարդների հնարավորությունների ընդլայնում՝ ապագան կերտելու համար», ներկայացնում է աճող խզումը երիտասարդների՝ թղթի վրա ձեռք բերած հնարավորությունների և չափահաս կյանք մուտք գործելիս նրանց առջև ծառացած իրականության միջև։ Զեկույցի շրջանակում ՄԱԲՀ-ն հարցում է իրականացրել 73 երկրում և տարածքում բնակվող ավելի քան 100,000 չափահաս երիտասարդների շրջանում։
ՀԱՄԱՏԵՔՍՏ
Այսօրվա երիտասարդները երբևէ ամենակրթվածն են, տեղեկատվությանն առավել հասանելիություն ունեցողը և իրենց իրավունքների մասին առավել իրազեկվածը։ Այդուհանդերձ, միլիոնավոր երիտասարդների համար չափահաս կյանքի հիմնասյուները՝ արժանապատիվ աշխատանքը, ֆինանսական անկախությունը, սեփական բնակարանը, հարաբերությունները, ընտանիքը և սեփական ապագայի հարցում ձայնի իրավունքը, դառնում են գնալով ավելի դժվար հասանելի։
Բազմաթիվ երիտասարդներ չափահաս են դառնում տնտեսական անապահովության, հակամարտությունների, արագ զարգացող տեխնոլոգիաների (այդ թվում՝ արհեստական բանականության արագ ընդլայնման), խորացող անհավասարության միջավայրում և առողջապահությանն ու զարգացմանն ուղղվող ֆինանսավորման կտրուկ կրճատման պայմաններում։
- Մի մասի համար ծնողներից անկախանալը, զուգընկեր գտնելը և ծնող դառնալը հետաձգվում են․ երիտասարդները ծնողներից անկախանում են դեպի 30 տարեկան, ընտանիք են կազմում 30-ից հետո, իսկ ծնող դառնում՝ 40-ին մոտ տարիքում։
- Մյուսների համար աղքատությունն ու ճգնաժամերը ստիպում են չափազանց վաղ ստանձնել չափահասի պարտականությունները։
ՀԻՄՆԱԿԱՆ ՓԱՍՏԵՐ ԵՎ ԹՎԵՐ
- Զբաղվածություն և կրթություն․ Աշխարհում յուրաքանչյուր 5-րդ երիտասարդ չի աշխատում, չի սովորում և մասնագիտական վերապատրաստում չի անցնում։ Ցածր եկամուտ ունեցող երկրներում երիտասարդ չափահասների յուրաքանչյուր 5-ից 4-ը չունի կայուն վարձատրվող աշխատանք։
- Անհավասարություն․ 15–24 տարեկան երիտասարդ կանայք ավելի քան երկու անգամ ավելի հաճախ են դուրս մնում զբաղվածությունից, կրթությունից կամ վերապատրաստումից, քան երիտասարդ տղամարդիկ, միևնույն ժամանակ հաշմանդամություն ունեցող երիտասարդների 49%-ը ո՛չ սովորում է, ո՛չ աշխատում։
- Հակամարտությունների ազդեցություն․ 10–24 տարեկան անձանց թիվը, որոնք բնակվում են ակտիվ հակամարտության գոտիներից մինչև 50 կմ հեռավորության վրա, ավելի քան կրկնապատկվել է՝ 1990 թ. 164 միլիոնից հասնելով 340 միլիոնի՝ 2022 թ.-ին։
- Ընտանիք կազմելու ձգտումներ (ՄԱԲՀ հարցում՝ 73 երկրում համացանցին հասանելիություն ունեցող ավելի քան 100,000 երիտասարդների շրջանում)․
- 70%-ը նշել է, որ ամուսնությունը հարաբերությունների իրենց նախընտրելի ձևաչափն է,
- 91%-ը ցանկացել է ունենալ առնվազն մեկ երեխա,
- 73%-ը զուգընկեր և երեխաներ ունենալը համարել է կյանքի կարևոր հանգրվաններ։
- Չիրականացված ձգտումներ և տնտեսական խոչընդոտներ․
- 35–39 տարեկան հարցվածների ավելի քան 40%-ը, որոնք ամուսնությունը համարել են իդեալական տարբերակ, ամուսնացած չեն։
- 35–39 տարեկան հարցվածների քառորդը նշել է, որ ունի ավելի քիչ երեխա, քան կցանկանար ունենալ իր տարիքում։
- Ֆինանսական անապահովությունը նշվել է որպես ամենատարածված խոչընդոտ՝ զուգընկեր գտնելու (հարցվածների 57%-ը) կամ երեխաներ ունենալու (հարցվածների 72%-ը) համար։
- Առողջություն և անվտանգություն․
- Զուգընկեր ունեցած 15–19 տարեկան աղջիկների գրեթե մեկ քառորդը հայտնել է, որ երբևէ ենթարկվել է զուգընկերոջ կողմից ֆիզիկական կամ սեռական բռնության։
- Հոգեկան առողջության խնդիրներին ներկայում բաժին է ընկնում դեռահասների շրջանում հիվանդությունների ընդհանուր բեռի 19%-ը։
- Քաղաքական ներկայացվածություն․
- 30 տարեկան և բարձր երիտասարդները կազմում են աշխարհի բնակչության 19%-ը, սակայն զբաղեցնում են խորհրդարանական տեղերի ընդամենը 2,8%-ը, ընդ որում՝ կանայք զբաղեցնում են այդ տեղերի կեսից պակասը։
- Ըստ ՄԱԿ-ի Երիտասարդության հարցերով բանագնացի գրասենյակի՝ մինչև 30 տարեկան հարցվածների մոտ 76%-ը նշել է, որ քաղաքական գործիչները չեն լսում երիտասարդներին։
- Համաշխարհային ֆինանսավորման կրճատում․ ՏՀԶԿ երկրների կողմից տրամադրվող զարգացման պաշտոնական աջակցությունը 2025 թ.-ին կրճատվել է 23%-ով՝ գրանցելով պատմության մեջ ամենամեծ տարեկան անկումը։ Առողջապահությանը և զարգացմանն ուղղվող միջազգային ֆինանսավորման կրճատման հետևանքով մինչև 2030 թ. բոլոր տարիքային խմբերում կարող է գրանցվել կանխարգելելի պատճառներից մինչև 22 միլիոն լրացուցիչ մահվան դեպք։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: