Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոյեմբերի 19-ին Կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ կառավարության 2026–2031 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը։
Նրա խոսքով՝ նախատեսվող բարեփոխումները հիմնված են «Իրական Հայաստան» գաղափարախոսության վրա և նպատակ ունեն կյանքի կոչելու ընտրությունների միջոցով քաղաքացիների առջև ստանձնած քաղաքական հանձնառությունները։ Փոխվարչապետը նաև նշեց, որ նախատեսվող միջոցառումների զգալի մասը լինելու է 2021–2026 թվականների ծրագրով մեկնարկած բարեփոխումների տրամաբանական շարունակությունը։
Ընդհանուր առմամբ, ծրագիրը ներառում է 733 միջոցառում՝ բարեփոխումների 6 հիմնական ուղղություններով։
Անդրադառնալով անվտանգային և արտաքին քաղաքականության ուղղությանը՝ Մհեր Գրիգորյանը նշեց, որ Կառավարությունը նախատեսում է ամրապնդել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը և այն ինստիտուցիոնալացնել, իրականացնել «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP նախագծերը, ինչպես նաև ապահովել Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզաների ազատականացումը։
Կրթության ոլորտում, փոխվարչապետի խոսքով, 2026–2031 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով կրթությունը հռչակվել է «ռազմավարությունների ռազմավարություն»։
Այս ուղղությամբ Կառավարությունը նպատակադրել է աղքատությունը կրճատել 5 տոկոսային կետով։ Նախատեսվում է կառուցել, վերանորոգել, գույքով հագեցնել և շահագործման հանձնել 300 դպրոց, 30 քոլեջ, 100 արտադպրոցական հաստատություն, 100 մանկապարտեզ և 100 կոմբինացված խաղահրապարակ՝ ներառյալ լողավազանները։ Նախատեսվում է նաև կառուցել Ակադեմիական քաղաքի տեսալսողական կլաստերը, ինչպես նաև 3600 ուսանողի համար նախատեսված կացարաններ։
Անդրադառնալով ենթակառուցվածքներին՝ Մհեր Գրիգորյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է մեկնարկել 10 ջրամբարի կառուցումը՝ նպատակ ունենալով շինարարությունն ավարտել մինչև 2030 թվականը։ Կառուցվելու և վերակառուցվելու է 350 կմ ջրանցք և խողովակաշար, իսկ 10 000 հա նոր հողատարածք կապահովվի ոռոգման ջրով։
Նրա խոսքով՝ նախատեսվում է նաև Երևանում, Գյումրիում և Վանաձորում ապահովել շուրջօրյա ջրամատակարարում, կառուցել և նորոգել 2500 կմ ավտոճանապարհ ու 40 կամուրջ։
Էներգետիկ անվտանգության ամրապնդման նպատակով նախատեսվում է տարածաշրջանային էներգետիկ համակարգերի հետ ինտեգրում, ինչպես նաև 1000 մեգավատտ հզորությամբ ֆոտովոլտային և 800 մեգավատտ հզորությամբ կուտակիչ էլեկտրակայանների գործարկում։
Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախատեսված ծրագրերի մի մասն արդեն գործնական իրականացման փուլում է։