Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցի բարձրաձայնումը Հայաստանին ու Ադրբեջանին կհեռացնի խաղաղությունից։ Այս մասին այսօր ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։ Միրզոյանը չհերքեց, որ հակամարտության շրջանից դեռևս կան գործոններ, որոնք խանգարում են խաղաղությանը, սակայն ամեն ինչ կոճակի մեկ սեղմամբ չի լուծվում։
«Այո՛, կան պահվող անձինք, և նրանց գոյությունը Բաքվի բանտերում չի նպաստում խաղաղությանը։ Հիմա ձեր տրամաբանությամբ պետք է գնանք, ասենք՝ մինչև այս հարցը չլուծվի, մենք չենք ստորագրելու խաղաղության համաձայնագիրը։ Ո՞նց եք կարծում՝ սա ավելի շուտ կմոտեցնի՞ մեզ բոլոր հարցերի վերջնական հանգուցալուծմանը, թե՞ գնանք, ասենք, որ խաղաղությունը ստորագրում ենք, այս հարցում էլ գործակցում, այն մյուսում էլ, և տեսանելի ապագայում կստեղծվի իրավիճակ, որ այդ մնացող հարցերն էլ ավելի հեշտ կլինի լուծել»,- ձեռքն ամբիոնին խփելով ասաց Միրզոյանը։
Արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը հիշեցրեց, որ Հայաստանն Ադրբեջանի հետ ունի նախաստորագրված խաղաղության համաձայնագիր, առևտուր, որոնք նպաստում են խաղաղությանը, և մնացել է գնալ վերջնական ստորագրման ու վավերացման և խաղաղությունը դնել ինստիտուցիոնալ հիմքերի վրա։