Անվճար դեղեր, վիրահատություններ և նոր ծրագրեր․ ինչ է փոխվել առողջապահության ոլորտում


2026 թվականի հունվար–հոկտեմբեր ամիսներին Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկված անձանց թիվը հասել է 1մլն, 834 հազար, 278 -ի, իսկ առողջապահական ծառայություններից օգտվել է 1 մլն, 80 հազար, 228 շահառու: Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է Առողջապահության նախարարությունից:

Ապահովագրական փաթեթում այս պահին ներառված է 2 887 ծառայություն և 1340 անվանում դեղ։

Անցնող ինը ամիսներին, ապահովագրության շրջանակում, 479 933 շահառու առնվազն մեկ անգամ դեղ է ստացել։

Ապահովագրության ներդրման 10 ամիսներին 28 271 քաղաքացու իրականացվել է կատարակտի վիրահատություն. պետական ֆինանսավորումը կազմել է շուրջ 7.5 մլրդ դրամ:

0-18 տարեկան 1100 ինսուլինակախյալ երեխաների համար կշարունակվի արյան մեջ գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգերի տրամադրումը` 2027 թվականին ներառելով նաև շուրջ 100 հղի կանանց:

2027թ․-ից կընդլայնվի նյարդաբանական խնդիրներով պայմանավորված 13 համախտանիշների դեպքում տրամադրվող դեղերի շահառուների շրջանակը, իսկ առավել ծանր՝ համակցված իմունային անբավարարությունների դեպքում մարդու իմունոգլոբուլինների կիրառումը կապահովի անհրաժեշտ բուժում՝ ոսկրածուծի փոխպատվաստման նախապատրաստման փուլում:

2027 թվականին նյարդաբանական համախտանիշներ ունեցող շուրջ 30 երեխայի համար նախատեսվում է ներդնել անհրաժեշտ դեղի անվճար տրամադրման կենսական ծրագիրը։

2025թ. մայրական մահացության ցուցանիշը կազմել է 3.1 (մայրական մահվան 1 դեպք), ինչը 84% -ով ավելի ցածր է, քան նախորդ տարվանը:

Եռամյա (2023_2025թթ.) միջին ցուցանիշը կազմում է ՝ 11.6, ինչը դրական առումով երբևէ չարձանագրված ցուցանիշ է (ամենացածրը եղել է 2011թ.` 17,3):

Անպտղության հաղթահարման ծրագրով 2026թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցվել է 61-ով ավելի երեխայի ծնունդ (ընդհանուր` 622 ծնունդ), քան ամբողջ 2025թ․ (561 ծնունդ):

2025-2026թթ. փոխհատուցվել է 39 երեխայի ականջի խխունջի պատվաստման վիրահատության և 1 տարվա վերականգնողական բուժման, էպիլեպսիայի բուժման 36 վիրահատության արժեքը, ինչպես նաև ոսկրածուծի աուտոգեն 11 և ալոգեն 5 փոխպատվաստման արժեք:

Հայաստանում սրտանոթային համակարգի հիվանդություններից բոլոր տարիքային խմբերում մահացությունը 2025 թվականին 2024-ի համեմատ նվազել է 316 դեպքով (2.4%-ով):

Սրտանոթային համակարգի հիվանդություններից վաղաժամ մահացությունը 2025 թվականին 2024-ի համեմատ նվազել է 210 դեպքով (8.8%-ով):

2025-2026թթ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում սրտանոթային համակարգի հիվանդություններից բոլոր տարիքային խմբերում մահացությունը նվազել է 762-ով (7.7%-ով):

Բոլոր տարիքային խմբերում չարորակ նորագոյացություններից մահացությունը 2025 թվականին 2024-ի համեմատ նվազել է 69 դեպքով (1.3%-ով):

Իսկ չարորակ նորագոյացություններից վաղաժամ մահացությունը 2025 թվականին 2024-ի համեմատ նվազել է 134 դեպքում (8.4%-ով):

2026թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ջրծաղիկի դեմ պատվաստումներում ընդգրկվածությունը կազմել է 91.8%:

2027 թվականին Իմունականխարգելման ազգային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ջրծաղիկի դեմ պատվաստումների 2-րդ դեղաչափի ներդրումը՝ 4-6 տարեկան երեխաների շրջանում

Կառավարության ներդրած ջանքի, հետևողական քաղաքականության, և արդեն ապահովագրության ներդրման շնորհիվ, այսօր արդեն փոխվել է մի կարևոր վիճակագրություն . եթե 2024 թ ՀՀ-ում մարդու կյանքի միջին տևողությունը 78.6 էր, ապա 2025թ_ի համար այն հասել է 78,9 տարվա:

 

Leave a comment