Գյուլեր․ Թուրքիան և Ադրբեջանն ընդլայնում են ռազմական համագործակցությունը

Թուրքիան և Ադրբեջանն ընդլայնում են ռազմական համագործակցությունը՝ փոխադարձ վստահության հիման վրա և հատուկ ուշադրություն դարձնելով համատեղ զորավարժություններին ու պաշտպանական արդյունաբերությանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, հաղորդում է TRT Haber-ը։

«Թուրքիայի պաշտպանական և անվտանգության քաղաքականությունը չի սահմանափակվում սեփական սահմանների պաշտպանությամբ, այլ ընդգրկում է աշխարհագրական լայն տարածք և ենթադրում մեծ պատասխանատվություն։ Այսօր մեր զինված ուժերը, երկկողմ ռազմական համագործակցությունից բացի, ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի, Եվրոպական միության և ԵԱՀԿ-ի շրջանակներում առանձնահատուկ ներդրում են ունենում խաղաղության պահպանման, ճգնաժամերի կանխարգելման և կայունության ամրապնդման գործում։

«Այս համատեքստում մենք փոխադարձ վստահության հիման վրա ամրապնդում ենք ռազմական համագործակցությունը մեր մերձավոր եղբայր Ադրբեջանի հետ՝ առաջին հերթին համատեղ պատրաստության և զորավարժությունների, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտներում», — ասել է Գյուլերը։

Նախարարի խոսքով՝ Թուրքիան ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։

«Մենք համոզված ենք, որ ամուր խաղաղության հաստատումը կնպաստի Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը, տրանսպորտային և առևտրային կապերի, ինչպես նաև տնտեսական համագործակցության զարգացմանը», — հայտարարել է Գյուլերը։

NEWS.am

Leave a comment