«Մի հանգամանք կա, սիրելի՛ քաղաքացիներ, որ առողջության ապահովագրությունը իսկապես իրականություն է դարձրել՝ դա խաղաղությունն է։ Առողջության համընդհանուր ապահովագրությունը հնարավոր է դարձել խաղաղության շնորհիվ։ Այս հանրային բարիքը, որ մենք ստեղծել ենք, և այսօր մեր ժողովուրդը օգտվում է, խաղաղության պտուղ է»,-խորհրդարանում, 2027 թվականի բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա շարունակեց պատկերավոր ներկայացնել․ «Խաղաղությունը ոչ միայն սահմանների անառիկությունն է, մեր զինվորների ապահով ծառայությունը, տնտեսության զարգացումը, բնակչության թվի աճը, նաև այն ձեր, մեր առողջության մասին հոգ տանելու հնարավորությունն է։ Եվ սա ժողովուրդը հիանալի գիտակցում է։ Իր իմաստությամբ նա նախընտրական շրջանում… չկար մի հավաք, մի հանդիպում, որտեղ չհնչեր․ «Վարչապետ ջան, միայն խաղաղություն լինի, մնացած ամեն ինչ կստեղծվի, մնացած ամեն ինչ կկառուցվի, և մեր կյանքը կբարելավվի, վարչապետ ջան, միայն թե խաղաղություն լինի»։
Երեկ՝ Ազգային ժողովում, հնչում էին կարծիքներ, որ քաղաքացիները ձայն չեն տվել սահմանադրության հանրաքվեի հետ կապված։ Հարգելի՛ գործընկերներ, հարգելի՛ ընդդիմադիր պատգամավորներ, քաղաքացիները ամենակարևոր ձայնը տվել են խաղաղությունը պաշտպանելու համար, և խաղաղությունը պաշտպանելու համար մնացած բոլոր դրա համար անհրաժեշտ գործառույթներն ու միջոցառումները և հնարավոր բոլոր քայլերը մեր կառավարությունն իրականացնելու է, որովհետև, այո՛, թող խաղաղություն լինի, իսկ մենք մեր աշխատանքով, մեր ազնիվ, բարիք ստեղծող աշխատանքով և վճարվող հարկերով տարեցտարի բարելավելու ենք մեր առողջապահությունը, կրթությունը, ճանապարհները, Երևան քաղաքը, բոլոր մարզերը, և ես վստահ եմ, որ այս ընթացքը անկասելի է։ Առողջ եղե՛ք»։
Մանրամասները՝ տեսանյութում
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ նկատեց՝ իրենց խմբակցությունը պատրաստ է համաձայնություն տալ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրին, միայն թե այն տեսնեն առարկայական։ Հստակեցրեց՝ կողմ են խաղաղության պայմանագրին, բայց ոչ նոր զիջումներին։
«Հայաստանի Հանրապետությունը ի՞նչ է զիջել։ Բազմաթիվ անգամներ հարց ու պատասխանների ընթացքում այս ամբիոնից հնչել է հարց՝ խնդրում ենք կոնկրետ ասեք՝ կետ առ կետ ի՞նչ է զիջել Հայաստանի Հանրապետությունը։ Արդեն երկու ամիս է՝ մենք միասին աշխատում ենք, հարցը անընդհատ օդում կախված է, պատասխանը չկա, բայց ամեն անգամ ասվում է, չգիտես ինչ զիջումների մասին է խոսքը գնում։ Եվ խնդրում եմ հիմա էլ՝ նորից հնչեցնում եմ հարցը՝ կոնկրետ կետերով նշեք՝ ինչ է զիջել Հայաստանի Հանրապետությունը»,- պատասխանեց Անահիտ Ավանեսյանը։
«Մեր ժողովուրդը տարիներով պահանջ է դրել իշխանության առջև՝ կնքել խաղաղություն, հասնել խաղաղության, բավական է մեր երկիրը տանել այլ ուղղությամբ՝ խոստանալով լրիվ այլ բաներ։ Մենք «բայց» չենք ասում, մենք ասում ենք, հարգելի՛ ժողովուրդ, ասում ենք, որ խաղաղությունը այսօր փաստ է, խաղաղությունն այսօր պտուղներ է տալիս, բայց խաղաղությունը պետք է աչքի լույսի պես պաշտպանել և հասնել, որ այն դառնա ինստիտուցիոնալ, որ այլևս լինի անշրջելի։ Եվ եթե քաղաքական դաշտում այլ… ասում են, որ իբրև կողմ են, բայց «բայց» են նշում, վստահ եղեք, որ նրանք կողմ չեն խաղաղությանը, իրենց օրակարգը խաղաղությունը չի։ Խաղաղության օրակարգը առաջ է տանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ժողովրդի հետ միասին»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Թեման շարունակեց «Ուժեղ Հայաստանից» Էդգար Ղազարյանը՝ Անահիտ Ավանեսյանին առաջարկելով․ «Եթե դուք ուզում եք իսկապես իմանալ, թե դուք ի՞նչ եք զիջել, ձեր կառավարությունը․․․ ես ձեզ մի պարզ վարժություն ասեմ՝ կարդում եք կառավարության 2018–2023 թվականների ծրագիրը, կարդում եք կառավարության 2021–2026 թվականների ծրագիրը, և այնտեղ կետերով գրած է, թե դուք ի՞նչ եք խոստացել մեր պետությանը, ժողովրդին, և հիմա ինչ իրականություն կա․ այդ վարժությունը կատարելուց հետո, կարծում եմ, որ դուք կարող է գլխի ընկնեք, թե դուք ինչ եք զիջել»։
Նաեւ հավելեց․ «Հիշում էիք ձեր նախընտրական արշավից, որ քաղաքացիները վարչապետից խաղաղություն էին ուզում, ուրիշ բան ավելի մեծ ակնկալիքներ չունեին… իսկ դուք ի՞նչ տպավորություն եք ստացել, իրենք գիտեի՞ն, զգո՞ւմ էին, որ խաղաղություն են ուզում այն վարչապետից, որը խաղաղ երկրում երկուսուկես տարի պաշտոնավարելուց հետո տապալել է խաղաղ բանակցային գործընթացը, երկիրը կանգնեցրել է մեծ պատերազմի առջև, իր պաշտոնավարման շրջանում երկրին բերել է երեք մեծ պատերազմ՝ երեքն էլ պարտություններով, երեքն էլ մարդկային, տարածքային, նյութական հսկայական կորուստներով։
Որ ասում եք, թե ձեզ հաջողվել է խաղաղություն բերել, ինձ կասե՞ք՝ այդ խաղաղությունը ձեր շապիկներից ու գլխարկներից բացի՝ ուրիշ որտե՞ղ է գրած։ Ճիշտն ասած՝ այդ վերջին շրջանում այդ շապիկներն ու գլխարկներն էլ չեք կրում… Պարզվում է, որ դրանց վրա էլ գրած չի։ Կասե՞ք՝ ում հետ եք խաղաղություն հաստատել։ Ադրբեջանի մի երկրի, որը դեռ չի ճանաչել Հայաստանին, որպես անկախ պետություն, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել, ոչ մի պայմանագիր չի կնքել, շրջափակման մեջ է պահում Հայաստանը, որը պատերազմի նշան է… Այդ երկրի՞ հետ եք խաղաղություն հաստատել»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: